lundi 2 février 2015

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի անծանոթ նամակը
(Հատված 1915 թ. սեպտեմբերի 13-ին Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակից) 
… Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այս գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կեղմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ: Իմ տարակուսանքների աճման և զարգացման մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին: Նա ասում է (կարդա և զարմացիր):

1. Ռուս ժողովուրդն անգութ ու չոր, դատողական ժողովուրդ է, բայց զգայնական (ոչ թե զգացմունք, այլ սլավոնական զգայնություն):
2. Դաժան է, ինչպես ոչ մեկ այլ ժողովուրդ, և կյանքից այլ օրինակների շարքում (ամբողջ կույտ օրինակներ բերեց) հետևյալ օրինակը: Սիբիրում գողեր կան, որոնք թեյաբեռներից թեյ են գողանում: Եվ երբ բռնում են, գիտե՞ս ինչ են անում նրանց: Հետանցքից ցցափայտ են մտցնում այնպես, որ մյուս ծայրը բերանից դուրս գա, և ձեռքերը հետևից կապում են այդ փայտին…
- Գողերի նկատմամբ որտե՞ղ են վարվում այդպես,- հարցնում է նա: Ես հիշեցի, որ ախր մեզ մոտ էլ դուխոբորները (տոլստոյականները) արոտախախտման (ապօրինի արածեցման) համար մինչ ի մահ ծեծում են դագանակներով:
Բայց թողնենք, իհարկե, ես այժմ չեմ կարող ամենը պատմել քեզ, և այս ամենը չափազանց մերկապարանոց կթվա քեզ: Այս ամենը, ինչ խոսք, ինձ խելահեղ որոշման չի մղում, սակայն ստիպում է խորհել այն ստրկամտորեն հիացական վերաբերմունքի վրա, որը պաշտամունքայնության է հասել մեր մեջ և մեզ սարքել մոլի սլավոնաֆիլներ: Ռուսական տխրահռչակ անկեղծության առթիվ գիտե՞ս ինչ ասաց Գորկին:
- Այդ խոսքերը գործերի ստորությունն արդարացնելու անզուսպ մղումից են, և դրանք՝ այդ խոսքերը նրան (Գորկուն) վրդովմունք են պատճառում:
Տոլստոյն, ասում է,- չոր, անգութ, եսամոլ մարդ էր, ընսմին չափազանց զգայնամոլ (նա շատ բան պատմեց, բայց շատ երկար կլինի գրել): Նրա վերաբերմունքը Տոլստոյի նկատմամբ գրեթե նույնն է, ինչ Պառլոյինը (իհարկե, որպես գրողի, նա բարձր է գնահատում և սիրում նրան):
Երևակայիր, նույնիսկ Չեխովին է նա անվանում անգութ և ասում է, թե նա բարեկամության զգացմունք չուներ և ընդհանրապես իր մեջ ամփոփված մի ծերուկ ամուրի էր…
Աղբյուրը ՝ http://gradaran.mskh.am/node/9865

Aucun commentaire:

Enregistrer un commentaire