Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը: Վարունգն իր մեջ պարունակում է ազոտային եւ ոչ ազոտային միացություններ, կալիումական աղեր, կարոտին, վիտամիններ եւ ավելի քան 97 տոկոս ջուր:
Հին հույները գտնում էին, որ վարունգն օժտված է ջերմությունն իջեցնող հատկությամբ, իսկ սերմերն էլ ուժեղ միզամուղ են: Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում: Այն հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է փորկապությունը: Ասում են, որ վարունգի հյութը գազարի եւ բազուկի հյութի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների եւ մաշկային հիվանդությունների բուժմանը: Իսկ ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` վարունգի հյութն օգտակար է նաեւ մենինգիտի, արագ սրտխփոցների ու քթային արյունահոսության դեպքում:
Վարունգը նպաստում է օրգանիզմից նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով եւ հարուստ` ջրով, ապա, համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն: Ցածր կալորիականության շնորհիվ՝ վարունգը կարելի է օգտագործել բեռնաթափման օրերին: Մասնագետների կարծիքով, վարունգ օգտագործելուց նվազում է ածխաջրային եւ ճարպային փոխանակության ակտիվությունը: Այդ իսկ պատճառով երիկամային ու լյարդի հիվանդություն ունեցողներին խորհուրդ է տրվում շատ վարունգ օգտագործել:
Շատ օգտակար է վարունգի եփուկը, որը պատրաստվում է հետեւյալ կերպ` 50գ վարունգը եւ 20 գ չոր տերեւները 500մլ ջրում (սա օրվա չափաբաժինն է) եփել 20 րոպե ու խմել: Օգտագործել այն օրը 4 անգամ` դեղնախտի եւ լյարդի հիվանդությունների դեպքում: 1 ճաշի գդալ չոր ծաղիկները 250մլ ջրում եփել 10 րոպե, հովանալուց հետո քամել: Այն շատ լավ է մալարիայի դեպքում: Վարունգի թարմ քամած հյութը մեղրի հետ միասին կարելի է օգտագործել օրը 2 անգամ, 2-3 ճաշի գդալից` որպես խորխաբեր միջոց՝ հազի, եւ որպես լուծողական՝ փորկապների, ինչպես նաեւ՝ ստամոքսի եւ աղիների սուր ցավերի դեպքում: Վարունգի տերեւները կարելի է փաթաթել ու սիգարետի նման ծխել, որպես հազը հանգստացնող միջոց: Վարունգի չորացրած փոշին, իհարկե, առանց սերմերի, շատ լավ թեթեւացնում է այրվածքները:
Վարունգի թարմ պտուղները կարելի է օգտագործել որպես արտաքին միջոց՝ մաշկի բորբոքային երեւույթների, ցանի ու այլ նման խնդիրների դեպքում: Վարունգի թարմ հյութը եւ կանաչ կեղեւի սառը ջրային թուրմը 1:1 հարաբերությամբ կարելի է օգտագործել, որպես դեմքի կորյակներից, բծերից ազատվելու միջոց: Իսկ սպաստիկ կոլիտների դեպքում օգտագործվում է վարունգի խյուսը` անպայման անոթի վիճակում:
Վարունգ չի կարելի օգտագործել սրտային արատների, լյարդի որոշ հիվանդությունների եւ արյան բարձր ճնշման դեպքում:
Դեմքի մաշկը պաշտպանող դիմակ.
Վարունգը կարելի է կտրատել, լցնել շշի մեջ եւ վրան ավելացնել որակյալ օղի: Շիշը երկու շաբաթ թողնել արեւի տակ: Այն օգտագործում են չբացած վիճակով: Դրանով կարելի է թրջել թանզիֆի կտորն ու շփել դեմքը: Վարունգի ջուրը համարվում է դեմքի մաշկը թարմացնող ու փափկացնող լավագույն միջոց:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire