Չարենցը ժամանակակիցների հուշերում

Դանիել Դզնունու հուշերից
Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրան փողոցում կամ ընտանիքում, ժողովում կամ թատրոնում, նա մշտապես առույգ էր ու արագաշարժ: Բայց երբեմն նա տաքարյուն էր, խոհական ու էպիկական, երբեմն սիրառատ ու քնքուշ՝ իր քնարական բանաստեղծությունների նման, հեգնող ու մերկացնող՝ իր քաղաքական երգիծանքի նման: Ու թվում էր ինձ, որ Չարենցը կա, նա մեր մեջ է, մեր գրապահարանում դրված հատորից նայում է մեզ իր հոնքերի տակից, իմաստուն ժպտում: Նրա կարճատև կյանքը մշտական որոնումների և անդուլ մաքառումների տարիներ էին:
Առաջին անգամ Չարենցին հանդիպել եմ Երևանում 1922թ. սկզբներին: Երևան տեղափոխված մտավորականների մի խումբ ապրում էր Օ. Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցում իր կնոջ հետ մի փոքրիկ սենյակում ապրում էր Ե. Չարենցը: Եղիշեն հաճախ էր լինում իր հարևանների շրջանում և երկար զրուցում նրանց հետ գրականության և թատրոնի մասին: Իր անձնական կյանքում նա շատ ջերմ ու սիրող ամուսին էր: Արփիկը նրա համար ամենից առաջ կյանքի ընկեր էր, ինչպես ինքն էր ասում՝ «հերոսական ընկեր», նրա ստեղծագործական աշխատանքի ոգևորողը, որն իր հերթին անհուն սիրով կապված էր Եղիշեի հետ, ներում էր նրա բոլոր «չարությունները», ուրախանում նրա հաջողություններով: Հատկապես ուզում եմ ընդգծել Արփիկի անհուն հոգատարությունը ամուսնու նկատմամբ: Արփիկը Չարենցի հետ էր ամեն քայլափոխի, եռանդով մասնակցում էր բոլոր վիճաբանություններին՝ անցնելով Եղիշեի կողմը: Վերջինս էլ կատակում էր. «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, ինչպես Աքիլլեսը»:
Հաճախ կարելի էր տեսնել Չարենցին մեր հյուրանոցի միջանցքի ծայրին կամ բակի կողմը նայող պատշգամբում՝ շրջապատված իր հարևաններով: Երբեմն նա կատակում էր իրեն շրջապատող կանանց հետ՝ խոսելով նրանց կենցաղային անհարմարություների, սնունդի և այլ դժվարին պայմանների մասին: Նրա այդ սրամիտ, զվարճալի զրույցները ամբողջապես հագեցած էին լավատեսությամբ ապագայի նկատմամբ:
Իր որոնումների նման անհարթ էր Չարենցի անձնական կյանքը, որի ամեն մի շրջադարձը խոր ապրումներ է պատճառել պոետին: Հատկապես ցնցող էր այն մեծ վիշտը, որ դաժան մահը պատճառեց նրան՝ խլելով իր կյանքի լավագույն ընկերոջը՝ Արփիկին: Շատ ջանք թափեցին ընկերները, մինչև որ կարողացան վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունը:
Վահրամ Ալազանի հուշերից
Ես տեսել եմ Եղիշե Չարենցին, եղել նրա ընկերն ու բարեկամը. հավետ անհանգիստ, ծովային փոթորկին նմանվող հանճարեղ այդ մարդուն, մեծ պոետին ու քաղաքացուն: Նա եղավ, բոցավառվեց որպես վիթխարի մի խարույկ և հանգավ իմ սերնդի աչքերի առաջ:
1922-24 թթ. իմ հարաբերությունները Չարենցի հետ մտերմական դարձան: Այդ թվականներին ես և կինս՝ Մարոն, մոտիկից ծանոթացանք Չարենցի կնոջ՝ Արփենիկ Աստվածատրյանի հետ, որը 20-ական թվականների ամենազարգացած, ամենալուրջ, ամենահավասարակշռված հայ կանանցից մեկն էր և Չարենցի հոգատար ընկերը: Հասակի հարցում եթե բնությունը ժլատ էր վարվել Չարենցի նկատմամբ, ապա նա խիստ առատաձեռն էր եղել Արփենիկի նկատմամբ՝ տալով նրան ավելի սլացիկ, ավելի տիրակալ հասակ: Երբ անհաջող վիրահատումից վախճանվեց Արփիկը, նրա մահը մինչև հոգու խորքը ցնցեց մեծ բանաստեղծին: Արփիկի վիշտը ցնցել, խեղճացրել էր Չարենցին. ցերեկ ու գիշեր իր սենյակում փակված՝ վիրավոր առյուծի նման մռնչում էր ցավից:
Տարիներ անցան: 1932 թ. գարնանն էր: Չարենցը, հավաքած իր գրական ընկեր-բարեկամներին, անցնում էր Երևանի փողոցներով: Չարենցը գնում էր առջևից, իսկ մենք, դպրոցական աշակերտների նման, հետևում էինք նրան: Նա, ձեռքերն աջ ու ձախ տարածելով, ցույց էր տալիս մեզ Երևանի նորակառույց շենքերը, փողոցներն ու հրապարակները: Նա իրեն այնպես էր պահում, կարծես ինքը քաղխորհրդի նախագահը կամ առնվազն գլխավոր ճարտարապետը լիներ, իսկ մենք լուսնից ընկած անտեղյակ մարդիկ: Տարված և ոգևորված իր խոսքերով՝ չնկատեց և մեզ դեմ արեց շինարարական մի մեծ ցեխակույտի, ապա ետ դառնալով, ասաց.
— Տղե՛րք, ինչ դժվար է վոժդ լինելը: Տեսնու՞մ եք, բերի և ձեզ գցեցի ցեխերի մեջ:
Նորակառույց մի շենքի առաջ կանգնելով՝ նա թախծոտ հայացքով նայեց մեզ ու ասաց.
— Է՜խ, տղերք ջան, հոյակապ է դառնալու մեր մայրաքաղաքը: Երանի նրան, ով կտեսնի 1950 թվականի Երևանը: Ես որ չեմ տեսնելու, չգիտեմ՝ դուք ինչպես:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire