Համո Սահյան «Ինչ անեմ»

Ինչ անեմ: Աչքերս փակեմ 
Անրջեմ… ու բանամ նորից:
Հուշերս հավաքեմ մեկ-մեկ
Ու մտքով մանկանամ նորից:
Կորստի սարսափը հերքեմ,
Հույսերից շիկանամ նորից…
Հավատամ մարդուն, աշխարհին,
Մոլորված չմնամ նորից:
Չգիտեմ` ուր եմ հասնելու,
Չգիտեմ` երբ եմ հասնելու…
Ճամփա է, նստեմ այս քարին,
Շունչ քաշեմ ու գնամ նորից:
Հոգնել եմ
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ արդեն ինքս ինձ խոցելուց,
Համբերությունս շահագործելուց,
Սին կյանքս խոսքով ոսկեզօծելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire