Վահան Տերյան․ Հայ գրականության գալիք օրը

Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջ: Նրա` ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար:
Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Եվ դա այդպես է: …Այստեղ բանն ազգային կոլորիտը չէ բնավ: Եթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի, անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար: Այդ ծխականների համայնքն ազգային կուլտուրա ասելով` ծխական կուլտուրա է հասկանում…
Նա մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած գետտո է ստեղծել իր համար եւ կոչել է այն ազգային կյանք եւ այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր: Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային հորջորջված կուլտուրան… Դուք կարծում եք` նա կրոնական է, բնավ: Նա աթեիստ է, նա պոլիտիկան է. նա ոչ թե Մարդ է, ոչ թե Քաղաքացի, այլ միայն եւ միմիայն ծխական: Ինչպես անհատն է առանձնության մեջ քարանում ու մեռնում, այնպես էլ ազգը: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել. եթե այն ներսից չպայթե, կպայթեցնեն դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղեւից դուրս: Ո°չ Մասիսի ձյունափայլ կատարներին պետք է հառել ակնկալող հայացքը, ո°չ էլ Էջմիածնի խարխուլ գմբեթին:


Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով: Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղեւից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել – եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղեւից դուրս: Արդեն այդ կեղեւը մաշվում է եւ թուլանում, վերջին օրերն է ապրում նա, եւ ով իմաստուն է, դուրս պիտի մղե իրեն այդ կեղեւից, պիտի ոչնչացնե այդ կեղեւը: Այլ կերպ նրա գոյությունը վտանգի է ենթարկվում եւ նրա հետ միասին` այդ կեղեւի մեջ ամփոփված ամբողջության կյանքը:
Անհնար է երեւակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ: Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները: Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժողովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն: Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան զուրկ է կենսունակությունից այդ ժողովուրդը: Ահա թե ինչու ժամանակի ստիլ ունենալ` կնշանակե կենդանի լինել ու կենսունակ, զուրկ լինել դրանից` կնշանակե ընդհակառակը:
Ծիծաղելի է, երբ այժմ հոգում են ապագայի մասին` թողած ներկան: Ապագան ինքը կհոգա իր մասին: Նրանք, որոնք մտածում են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապա•այի ճանապարհը եւ, ըմբռնելով գալիք օրերի ուղին, չպիտի շեղվեն ու շեղեն նրանից: Ժամանակի ստիլը ժամանակի մտածողությունն է: Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ է: Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ եւ ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն:
Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առաջ եւ մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք: Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ – այնտեղ առաջ Մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն` միայն հագուստն է, իսկ մարդը չկա:
Ներկայումս մեզանում իշխող ազգայնության ժխտումով է միայն, որ մենք կարող ենք առաջ գնալ կուլտուրական ասպարեզում: Եվրոպային մենք ընդունում ենք բաց աչքերով եւ բաց սրտով, մենք ժխտում ենք այն ազգայնությունը, որ լավագույն դեպքում (թեպետ դա էլ անկարելի է) կարող է մեզ Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել: Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք: Միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին, միայն իսկական մտավորականությունը կարող է ստեղծել կուլտուրա: Միայն այն մտավորականությունը, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի…
1914թ.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire