Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

«Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը, կենսունակ է առաջինը, կենսունակ է և երկրորդը. լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես և ազգային մշակույթի ամենախոշոր և ամենազորեղ գործոնը»: Վահան Տերյան
1914-1915 թթ. ընթացքում Վահան Տերյանի՝ Նվարդ Թումանյանին ուղղված նամակները բացառապես հայրենիքի ցավով տառապող բանստեղծի հոգու արձագանքներն են: Այդ նամակներից մեկում գրում է.  «Դուք երևակայել չէք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»:


1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին: Օգտագործելով խորհրդային կառավարության կողմից տրամադրված ավելի քան 6 միլիոն ռուբլի գումարը և 2 վագոն դեղամիջոցներն ու այլ ապրանքները, նա, վտանգելով իր կյանքը, գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ էր զբաղվում փախստականներին տեղի հայերի տներում և այլ կացարաններում տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր, ապահովում էր նրանց անվտանգությունը: Ընդսմին, պոետը, որին նրա լիրիկական բանաստեղծությունների պատճառով շատերը պատկերացնում են որպես երկչոտ և թախծոտ մարդ, ցուցաբերել է նախանձելի քաջություն և սառնասրտնություն` փրկելով իր պայուսակում պահվող 6 միլին ռուբլին, երբ գնացքը, որով նա մեկնել էր Կովկաս, գրավել են ավազակները: Նույնպիսի քաջություն պոետը ցուցաբերել է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ տեղի իշխանությունը ներկայացնող որոշ կոմունիստ ղեկավարներ զենքի սպառնալիքով պահանջել են, որ Տերյանն իր մոտ եղած գումարները տրամադրի իրենց կոմունիստական կարիքների համար:
Վահան Տերյանի այդ հայրենասիրական պահվածքի համար նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար: Հյուսիսային Կովկաս կատարած իր առաքելության շրջանակներում Վահան Տերյանը օգնել է նաև տեղի շնորհալի հայ երիտասարդներին, որոնցից մեկն էլ քանդակագործ Երվանդ Քոչարն էր: Տերյանը տրամադրել է նրանց փաստաթղթեր ու գումար և բացատրել է, թե ինչպես պետք է նրանք քաղաքացիական կռիվների հրում հայտնված իրենց բնակության վայրերից հասնեն Մոսկվա, որտեղ կկարողանան սովորել և հղկել իրենց բնատուր տաղանդները: Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ Տերյանը Մոսկվայում նույնպես հովանավորել է նրանց: Նշենք, որ Կենտգործկոմի` իշխանության այդ ժամանակվա բարձրագույն մարմնի նախագահը Լենինն էր:
Ձախ էսէռների 1918 թվականի հուլիսի 6-ի մոսկովյան խռովությունից հետո, երբ Լենինի հրամանով փակվել էին բոլոր «բուրժուական» կազմակերպությունները, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել էր, Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Նա, հղում կատարելով 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրությանը, ըստ որի Հայկական գործերի կոմիսարիատին պետք է հանձնվեին Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը և կապիտալը, թույլ չի տվել, որ չեկիստները բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը կողպել և կապարակնքել է եկեղեցու դռները, այդպիսով փրկելով նրա մեջ գտնվող գանձերը, որոնք հետագայում, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, վերադարձվել են Սբ. Էջմիածնին:
Տերյանը նամակներից մեկում այսպես է գրում .«…գուցե դրա համար է այրվում իմ հոգին,որովհետև իմ հոգու մեջ Նաիրյան չքնաղ հոգին է այրվում: Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է Նաիրյան բարձր հոգու տառապանքը կրել իրենց հոգու մեջ»:
Վահան Տերյանը չի ընկրկել, կռիվ է տվել Լև Տրոցկուն և Իոսիֆ Ստալինին` պաշտպանելով Հայկական հարցի հայանպաստ լուծումները, ինչի համար արժանացել է նրանց թշնամանքին:
Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի բանակցությոնների ժամանակ, որոնց Տերյանը մասնակցել է որպես խորհրդական` առանց ձայնի իրավունքի, հերթական բուռն վեճից հետո զայրացած Տրոցկին Տերյանին կոչել է «արմյաշկա» վիրավորական անունով: Տերյանը բողոքել է հայկական տարածքները Թուրքիային հանձնելու Լև Տրոցկու մտադրության դեմ` որպես իր բողոքի փաստարկ ներկայացնելով Մոսկվայից իր պահանջով ստացված փաստաթղթերը: Դրանք վկայում էին, որ մինչ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ Եղեռնը հայերն այդ տարածքներում կազմել են բնակչության մեծամասնությունը:
Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինը իհարկե չէր կարող համակերպվել և հանդուրժել այդպիսի սկզբունքային, անվախ և հայրենասեր տեղակալի, որը Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարն էր և Վահան Տերյանին հեռացրել է պաշտոնից` առանց պատճառների մասին հայտնելու: Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձևը` նրան գործուղել են Պարսկաստան և Թուրքիա` Թուրքեստանով: «Ժողովուրդների հայրը» ըստ երևույթին հաշվարկել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով ծանր հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ` փակ էր քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:
«Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում ու կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է- այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ»:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire