Ճյուղ առաջին․ Սանասար և Բաղդասար
ՄԱՍՆ Ա ֊ ԿՌԻՎ ԲԱՂԴԱԴԻ ԽԱԼԻՖԱՅԻ ԴԵՄ
Ըսկիզբն էր կըռապաշտ Խալիֆան,
Մեկ էլ Հայոց Գագիկ թագավոր.
Կռապաշտ Խալիֆան Բաղդադ կը նստեր,
Գագիկ թագավոր՝ Բերդ-Կապոտին:
Գագիկ թագավոր ծեր, ալևոր էր.
Զինք շա՛տ հարըստություն ուներ,
Զարմ ու զավակներ չուներ.
Մեկ աղջիկ ուներ, շատ տեսակով,
Անուն՝ Ծովինար խանում:
Էն ժամանակ ո՛ր թագավոր զորեղ ըլներ,
Էն մեկէլից հարկ կ’առներ:
Բաղդադու Խալիֆան շատ զոր ու զորընդեղ էր.
Ասքար արեց, էկավ վեր մեր ազգին.
Շատ առ ու ավար առավ,
Ու շատ գերի բռնեց տարավ,
Շատ ըզմեր ազգ կտրեց, նվազցուց:
Ու Հայոց Գագիկ թագավոր
Բաղդադու Խալիֆային խարջդար էղավ:
Օրերից մեկ օր Խալիֆան էլավ.
Էրկու մարդ հարկ առնող ուղարկեց.
— Գնացե՛ք, իմ խարջ ժողվեցեք, բերեք:
Հարկ առնողներն էկան, անցան
Թագավորի քոշկ ու սարի առջևեն.
Որ կ’անցնեին, լուսմի էնոնցէրևաց:
Իրիշկեցին, ի՞նչ տեսնեն,—
Էնպես խորոտ աղջիկ մի էրևաց,
Արևուն կ’ասեր. «Դու դուրս մ’էլներ, ե՛ս դուրս էլնեմ»։
Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ,
Որ տասնուչորս ավուր լուսնին կը նմաներ,
Որ յոթ սարի էտևեն կ’էլնի:
Էդ հարկ առնողներ ինչ տեսան զէդ աղջիկ,
Խելք գլխըներուց գնաց,
Էրկուսն էլ անհուշ, անակահ ընկան:
Մեկ սհաթեն թագավոր մարդ ուղարկեց,
Էկան, զէնոնք տարան իր պալատ:
Էդ մարդիկն իսկի բան չասին,
Էրկուսն էլ էլան, սուս ու փուս դարձան,
Իրենց Խալիֆայի մոտ գնացին:
Խալիֆան հարցուց.— Խարջ բերի՞ք: Չբերի՜ք:
Ասին.— Թագավոր ապրած կենա, ի՞նչ խարջ, ի՞նչ բան,
Էնպես մեկ բան մ’ենք տեսեր,
Աղեկ էր մենք չմեռանք:
Դու ըլնեիր, ավատաս, իրեք ամիս
Անհուշ գետին կ’ընկնեիր:
Խալիֆան հարցուց.– Ի՞նչ էր ձեր տեսած:
Էնոնք ասին.— Քո տուն աստված շինի.
Դու ի՞նչ կ’անես ապրանք ու գանձ, հարըստություն.
Քեզ ունիս հո՛ղ, երկի՛ր, ապրա՛նք ու գանձ, հարըստությո՛ւն,
Դու շա՛տ ունիս ոսկի, արծաթ, անգին քարեր.—
Էն խաչապաշտ Հայոց թագավորին
Մի է՛ն տեսակ աղջիկ ունի.
Աղջիկ մի իրենից շատ խորոտիկ,
Որ ամե՜ն մի բան կ’արժի:
Ահա, Խա՛լիֆա, զէդ հրեղեն աղջիկ տեսանք,
Որ գիշեր-ցերեկ չուտես, չխմես,
Հա՛ էնոր շենք ու շնորհքին թամաշա անես:
Խելք ընկավ կռապաշտ Խալիֆային,
Ջուղաբ ղրկեց Հայոց թագավորին.
Ասաց.— Քո աղջիկ տա՛ս ինձի:
Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.
Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,
Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ:
Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ:
Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,
Խաթրով ըլնի, տի տա՛ս:
Կռվով ըլնի, տի տա՛ս:
Թե քո աղջիկ չտա՛ս,
Քո ժողովուրդ առ ու գերի կ’անեմ,
Ձեզ ամենիդ կըմորթեմ,
Քո ազգ ամեն կը կտրեմ,
Քո քաղաք տակ ու վերև կ’անեմ,
Քո թախտ ու թագ կը քանդեմ:
Ասաց.— Կռիվ կ’անեմ, չեմ ի՛տա:
Բաղդադու Խալիֆան կանչեց, ասաց.
— Հա՜, ասքա՜ր, ասքա՛ր արեք, գնացե՛ք.
Աղջիկ կը տա՝ կը տա. չի տար,
Քար քաղեցե՛ք, ավազ մաղեցե՜ք,
Ժողվեցեք, բերե՛ք՝ ինչ կա:
Էլան, ասքար արին, էկան.
Էկան Հայոց թագավորի վերա:
— Ահա, թագավոր,
Քո աղջիկ կամ կը տաս տանենք,
Կամ քար քաղենք, ավազ մաղենք,
Ժողվենք, տանենք՝ ինչ կա:
Թագավորն իրիշկեց, ի՜նչ իրիշկեց,–
Քանց աստղ էրկինք՝ զորք է թափվե:
Կռիվ արին, շատ զորք սպանին.
Խաչապաշտ թագավոր կոտրվեց:
Ծովինար խանում էրդիք կայներ էր.
Միտք արեց իր մեջ. «Որ իմ հերն իմանար,
Էսքան մեղք ու արունք չէր ձգի իմ վիզ, ինձ կը տար—
Իմ պատճառով էսա ամեն մարդ տի սպանեն,
Էնոնց տղաներ տի մնան որբ, ինձ տ’անիծեն,
Վերջըն զոռով ինձ տի տանեն:
Աղեկն էն է, որ ես իմ կամքով էրթամ,
Իմ հոր թագավորությունն էլ հաստատ մնա»։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire