Affichage des articles dont le libellé est Գրականություն. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Գրականություն. Afficher tous les articles

Կարդում ենք էպոսը



Ճյուղ առաջին․ Սանասար և Բաղդասար
ՄԱՍՆ Ա ֊ ԿՌԻՎ ԲԱՂԴԱԴԻ ԽԱԼԻՖԱՅԻ ԴԵՄ


Ըսկիզբն էր կըռապաշտ Խալիֆան,
Մեկ էլ Հայոց Գագիկ թագավոր.
Կռապաշտ Խալիֆան Բաղդադ կը նստեր,
Գագիկ թագավոր՝ Բերդ-Կապոտին:
Գագիկ թագավոր ծեր, ալևոր էր.
Զինք շա՛տ հարըստություն ուներ,
Զարմ ու զավակներ չուներ.
Մեկ աղջիկ ուներ, շատ տեսակով,
Անուն՝ Ծովինար խանում:
Էն ժամանակ ո՛ր թագավոր զորեղ ըլներ,
Էն մեկէլից հարկ կ’առներ:
Բաղդադու Խալիֆան շատ զոր ու զորընդեղ էր.
Ասքար արեց, էկավ վեր մեր ազգին.
Շատ առ ու ավար առավ,
Ու շատ գերի բռնեց տարավ,
Շատ ըզմեր ազգ կտրեց, նվազցուց:
Ու Հայոց Գագիկ թագավոր
Բաղդադու Խալիֆային խարջդար էղավ:

Կարդում ենք Սահյան




ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:



Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:



Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:



Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Անուշ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

(Համբարձման գիշերը)

   Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

   Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

   Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

   Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…։
  Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։

— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

  Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

  Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

I

  Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փըռած տիրաբար՝
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝
Խոսում են Լոռու հին-հին քաջերից։
 Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև–Ալ, Դև–Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ–խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցըրին բերին անառիկ Լոռի։
II

  Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան։
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում։
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես։
Դո՛ւրս եկեք կըրկին շիրմից, խավարից,
Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե՛ք պոետի հաճույքը վըսեմ…
III

  Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…
IV

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։
Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա՛յ սարի աղջիկ,
Ա՛յ սիրուն աղջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ։

  Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար։
V

Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում։
— Էն ո՞վ էր, նանի՛, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՜ս…
— Հերի՛ք է, Անո՛ւշ, ներս արի դագեն,
Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի— ի՜նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա։
— Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,
Ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին…
Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։
— Հանգի՛ստ կաց, Անո՛ւշ, դու հասած աղջիկ՝
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի՛, ամոթ է, ամո՜թ։
— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում,  մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի նրա գործին վնասելու։

Վահան Տերյան «Տխուր Զրույց»


ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...
Շիրակ, 1905

Վահան Տերյան «Սենտիմենտալ երգ»


ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ 
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...
1905

Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

«Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը, կենսունակ է առաջինը, կենսունակ է և երկրորդը. լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես և ազգային մշակույթի ամենախոշոր և ամենազորեղ գործոնը»: Վահան Տերյան
1914-1915 թթ. ընթացքում Վահան Տերյանի՝ Նվարդ Թումանյանին ուղղված նամակները բացառապես հայրենիքի ցավով տառապող բանստեղծի հոգու արձագանքներն են: Այդ նամակներից մեկում գրում է.  «Դուք երևակայել չէք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանիև այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունըդրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյան․ Հայ գրականության գալիք օրը

Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջ: Նրա` ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար:
Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Եվ դա այդպես է: …Այստեղ բանն ազգային կոլորիտը չէ բնավ: Եթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի, անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար: Այդ ծխականների համայնքն ազգային կուլտուրա ասելով` ծխական կուլտուրա է հասկանում…
Նա մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած գետտո է ստեղծել իր համար եւ կոչել է այն ազգային կյանք եւ այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր: Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային հորջորջված կուլտուրան… Դուք կարծում եք` նա կրոնական է, բնավ: Նա աթեիստ է, նա պոլիտիկան է. նա ոչ թե Մարդ է, ոչ թե Քաղաքացի, այլ միայն եւ միմիայն ծխական: Ինչպես անհատն է առանձնության մեջ քարանում ու մեռնում, այնպես էլ ազգը: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել. եթե այն ներսից չպայթե, կպայթեցնեն դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղեւից դուրս: Ո°չ Մասիսի ձյունափայլ կատարներին պետք է հառել ակնկալող հայացքը, ո°չ էլ Էջմիածնի խարխուլ գմբեթին:

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Նախագծի ժամկետը`փետրվարի 3-ից մարտի 13
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանի աշխարհը նամակներում
Հայ գրականության գալիք օրը՝ ընթերցում, քննարկում
«
Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Տերյանի կանայք
Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ
Առաջադրանքներ:Ծանոթանալ  Տերյանը` գրական հայերենի հիմադիր նյութին:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2 բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

Ինչ թալիսման էր նվիրել որդուն Մեծարենցի մայրը, և ինչու ճաքեց սուրբ գրությամբ փոքրիկ քարը

Սիրելի որդուն մահվան ճիրաններից փրկելու համարՄիսաք Մեծարենցի մայրն անկողնային հիվանդ զավակինմի թալիսման էր նվիրել։ Շուրջ 8 տասնամյակ գաղթականհայ ընտանիքի հետ աշխարհում շրջելուց հետո Մեծարենցիկյանքի վերջին օրերի լուռ ու խոսուն վկան հասել էՀայաստանպատմելու մոր ու որդու բացառիկ սիրո իրպատմությունը։

1902 
թվականին արևմտահայ հանճարեղ գրող ՄիսաքՄեծարենցն Ակնա գավառի հայրենի Բինկյան գյուղիցմեկնում է ՊոլիսԿեդրոնական վարժարանում ուսումըշարունակելուբայց դաժան ճակատագիրն ընդհատում է ոչմիայն երիտասարդ գրողի ստեղծագործական ծրագրերը,այլև կյանքը։
Մի անգամմութ փողոցում մի խումբ տղաներ,Մեծարենցին շփոթելով իրենց թշնամիներից մեկի հետ,թիկունքից դանակահարում են նրանԱյդ անհեթեթդիպվածը մահացու հիվանդության պատճառ է դառնում։

Նամականի

Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:

Չառլի Չապլին

Մեծանուն դերասան  Չարլի Չապլինը մի անգամ տուն  վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա  ժամացույց. անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպես, ինչ հանգամանքներում  է հայտնվել այդ չափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում: Չգտնելով պատասխան՝  նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:

Նամակում գրված էր. Միստեր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ, երեկ մետրոյում ես մի սքանչելի  ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի  գրպանից, սակայն տեսնելով Ձեզ  ու լինելով Ձեր տաղանդի  մեծ երկրպագուն,  որոշեցի այն նվիրել Ձեզ:
Նյու Յորքի ոստիկանության  որոնման բոլոր ջանքերը ձախողվեցին. նրանք չգտան գրպանահատ ռոբին հուդին…
Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները:Ոստիկանությունը ճշմարիտ սողոմոնյան որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձրեց Չարլի Չապլինին:
Իր ոչ սովորական լինելու    պատճառով  այս պատմությունը  լայն հրապարակում  էր ստացել:Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում  ևս մի  անհասցե ,անանուն նամակ ստացավ մեծ դերասանը. «Հարգելի միստր Չապլին, ինչպես այն ռոբին հուդը ,ես էլ մոտ մեկ  տարի առաջ գտնվում էի նյույորքյան մետրոյում,  որտեղ էլ  ինձանից գողացան իմ  ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովված, սակայն , երբ իմացա, որ գրպանահատը այն նվիրել է ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ: Միստր Չապլին , քանի որ ես նույնպես Ձեր մեծ  տաղանդի երկրպագուն եմ, ապա ուղարկում եմ Ձեզ նաև այդ  ժամացույցի ոսկե շղթան:
Չարլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
Դստրիկս…
Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ՝ հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է՝ գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին։
Ես քո հայրն եմ, Ջերալդինա:
Ես`Չարլին, Չարլի Չապլինը:
Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը: Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի՝ ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»:
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջի՜կս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես՝ ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները: Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա:
Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում: Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… Ես շա՜տ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…
Ահա այն՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները… Եվ չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին, սովորաբար, քիչ է խոսվում:
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես լաց եմ եղել ավելի, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն… Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում: Հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո՛, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր՝ Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:
Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, այն պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն. մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլ, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցի՛ր, որ ամենամեծ ադամանդն արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերն ավելի լավ գիտե քան ես. նրան ավելի վայել է խոսել այդ մասին…
Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ, որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:
Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ՝ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է, Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն՝ այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի

Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին. հզոր նամակ, որ պիտի կարդան բոլորը

Աբրահամ Լինքոլնը մարկության պատմության մեջ մտավ որպես ամենամարդասեր ու խելացի մարդկանցից մեկը: Նա կյանքում շատ դառնություններ է տեսել, ծնվել է աղքատի ընտանիքում, մեծ զրկանքներ է տեսել, տեսել է իր չորս զավակներից երեքի մահը: Նրան կարելի է անվանել Մեծ ուսուցիչ:
Ստորև ներկայացնում ենք Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին: «… Ես հասկանում եմ, որ մի օր նա կիմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը չեն, որ անկեղծ են: Խնդրում եմ, սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի մի ազնիվ մարդ, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի կողքին կա նվիրված առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի իսկական ընկեր: Ես հասկանում եմ, որ դրա համար շատ ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ սեփական քրտինքով վաստակած մեկ դոլարը շատ ավելի մեծ արժեք ունի, քան գտած հինգ կամ տասը դոլարը:
Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, որպեսզի կարողանա զգալ հաղթանակի բերկրանքը: Որքան հնարավոր է, նրան հեռու պահեք նախանձից, նրան փոխանցեք ոչ բարձր ծիծաղելու գաղտնիքը:
Սովորեցրեք նրան, որ շատ հեշտ է մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը: Եթե կարող եք, ընկերացրեք նրան գրքերի հետ: Նրան մտածելու ժամանակ տվեք, թող կարողանա խորհել հավերժ գաղտնիքների` թռչունների, արևի շողերի մեջ բզզացող մեղուների և կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:
Դպրոցում նրա գտնվելու ընթացքում սովորեցրեք արդար պարտվել և այլ ոչ թե խարդախությամբ հաղթել:
Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ոմանք պնդում են, որ ինքը սխալվում է:
Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և դաժան՝ դաժանների հետ:
Նրան այնքան ուժ տվեք, որպեսզի չհետևի ամբոխին: Սովորեցրեք նրան մարդկանցից և լսածից վերցնել միայն լավը:
Սովորեցրեք նրան, որ արցունքների համար պետք չէ ամաչել, սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ:
Սովորեցրեք նրան զգուշանալ բոլորին հաճոյանալու:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով և սովորեցրեք երբեք վաճառքի չհանել սիրտն ու հոգին: Նրա հանդեպ եղեք մեղմ, բայց առանց ավելորդ քնքշության, որպեսզի նա կոփված լինի:
Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատով լցված կլինի մարդկանց հանդեպ:
Նյութի աղբյուրը` YN.am

Վերլուծություն
Մարդիկ կյանքում շատ բաներից ամաչում են: Ամաչում են իրենց սեփական զգացմունքները ցուցաբերել, սիրել դիմացինին: Նամակը կարդալուց հետո հասկացա, որ ինչքան կյանքում լինես ազնիվ, մեղմ, սիրալից դիմացինիդ համար դա միայն քեզ օգուտ կլինի: Պետք չէ չարանալ աշխարհի հանդեպ: Ինչքան արդար ու ազնիվ լինես ինքդ քո նկատմամբ, այնքան ավելի կգնահատես քեզ ու աշխարհը կնայես այլ աչքերով: Մարդը կրթվում է դպրոցում և դպրոցը միայն թվաբանություն ուսուցանելու համար չէ: Դու կյանք ես մտնում և քեզ պետք է դպրոցից ի վեր սովորեցնեն բարդություններն ու անազնվությունները: