Եգիպտական քաղաքակրթությունԵգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս–արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջանում: Եգիպտոս անունը ծագում է այս երկրին հույների տված Ագյուպտոս անվանումից: Վերջինս ծագում էր Եգիպտոսի խոշորագույն քաղաքներից մեկի` Մեմֆիսի Խեթ–կա–Պտահ անվանումից: Իրենք` եգիպտացիները, իրենց երկիրն անվանում էին Կեմետ, որը նշանակում էր Սև (երկիր)՝ ի տարբերություն Կարմիրի, այն է` անապատի: Եգիպտոսի Վաղթագավորությունը Առաջին խոշոր բնակավայրերը հունարեն կոչվում էին նոմեր: Ք.ա. 34-33-րդ դդ. նոմերը միավորվեցին, և կազմավորվեցին երկու խոշոր թագավորություններ` Վերին և Ստորին Եգիպտոսներ: Վերին Եգիպտոսի մայրաքաղաքը Նեխենն էր, իսկ Ստորինի մայրաքաղաքը` Բուտոն: Միացյալ Եգիպտոսի առաջին արքան՝ Մինան, հիմք դրեց համաեգիպտական I հարստությանը: Եգիպտոսի արքաները կրում էին փարավոն տիտղոսը, որը ծագում է հին եգիպտերեն պեր–օ` «մեծ տուն» (այսինքն՝ պալատ) անվանումից: Մինայի կարևոր քայլերից էր նոր մայրաքաղաք Մեմֆիսի կառուցումը: I հարստության արքաներն արշավանքներ իրականացրեցին նաև դեպի արևմուտք`Լիբիա, և հարավ` Նուբիա: Այս շրջանում է սկսվում խոշոր դամբարանների կառուցումը Աբիդոս քաղաքի մոտ` Նեղոսի ափին: Հին թագավորությանդարաշրջանը Հիմնում է 3-րդ հարստության հիմնադիր փարավոն Ջոսերը: Նոմերում ժառանգաբար իշխող ազնվականությանը փոխարինեց նշանակովի պաշտոնյաներով (հուն.՝ նոմարքոսներ)՝ ձևավորելով կառավարման կուռ համակարգ: Արքայական իշխանության առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով փարավոնի համար կառուցում էին վիթխարի դամբարաններ (բուրգեր): Հին թագավորությունն իր հզորության բարձրակետին հասավ 4-րդ հարստության օրոք: Եգիպտացիները սկսեցին արշավանքներ ձեռնարկել հարևան երկրների դեմ` դեպի հարավ` Նուբիա, դեպի արևմուտք` Լիբիա, և հյուսիս–արևելք` Սինայի թերակղզի և Պաղեստին: IV հարստությանը հաջորդած նոր արքայատոհմը երկրին համակած ճգնաժամի պայմաններում ստիպված էր զիջումներ անել նոմային ազնվականությանն ու քրմությանը: Երկրում փաստացի իշխանությունն անցավ նոմարքոսներին ու բարձրաստիճան քրմությանը: Ի վերջո երկիրը տրոհվեց մի քանի տասնյակ ինքնուրույն իշխանությունների: Միջին թագավորություն Եգիպտոսի տրոհումը պայքարի նոմերի միջև, որոնց գլխավորում էին Հերակլեոպոլիս և Թեբե քաղաքները: Պայքարն ավարտվեց Թեբեի հաղթանակով: Ք.ա XXI դ. համաեգիպտական նոր` 11-րդ հարստության օրոք սկսվեց Եգիպտոսի պատմության նոր դարաշրջանը, որը հայտնի է Միջին թագավորություն անվամբ և որն իր հզորության գագաթնակետին հասավ 12-րդ հարստության օրոք: Զարգացավ տնտեսությունը, կառուցվեցին ջրանցքներ, քաղաքներ, յուրացվեց բրոնզի ձուլման տեխնիկան, սկսեց աշխույժ առևտուր իրականացնել Փոքր Ասիայի, Սիրիայի և Միջագետքի երկրների հետ: Եգիպտոսի իշխանությունը տարածվում էր Պաղեստինի և Փյունիկիայի մի մասի վրա: Եգիպտոսը ք.ա. 17-րդ դարում նվաճում են հիքսոսները և հիմնում մայրաքաղաքը` Ավարիսը: Հիքսոսների իշխանությունը Եգիպտոսում տևեց շուրջ մեկ դար:
Նոր թագավորություն Հիքսոսների դեմ պայքար սկսեցին Թեբեի շուրջ համախմբված հարավի նոմերը: Երկարատև պայքարից հետո Թեբեի փարավոն Յահմոս I–ը (մոտ Ք.ա. 1540–1517 թթ.) գրավեց Ավարիսը և վտարեց հիքսոսներին: Նա հիմնադրեց նոր` XVIII հարստությունը, որով սկսվեց Եգիպտոսի պատմության Նոր թագավորության դարաշրջանը: Նոր հարստության փարավոնները մեծ ուշադրություն դարձրին բանակի վերակազմավորմանը: Հիքսոսյան օրինակով ստեղծվեցին մարտակառքային զորամասեր, զորքերը զինվեցին նոր և կատարելագործված զենքերով, այդ թվում` մանգաղանման թրերով: Ներմուծվեց զորահավաքի նոր համակարգ, բանակում աճեց նաև վարձկան զորքերի թվաքանակը: Թութմոս I–ի օրոք (Ք.ա. 1508–1493 թթ.) Եգիպտոսի սահմանները հարավում հասան մինչև Նեղոսի երրորդ սահանք, իսկ հյուսիսում` մինչև Եփրատ, ուր եգիպտական բանակը ջախջախեց այնպիսի հզոր պետության, ինչպիսին էր Միտաննին: Առաջին անգամ եգիպտական բանակը դուրս եկավ Եփրատի ափ: Եփրատը նրանք անվանեցին շրջված ջուր, քանի որ այն հոսում էր Նեղոսին հակառակ ուղղությամբ` հյուսիսից հարավ: Թութմոս III փարավոնը (Ք.ա. 1468–1434 թթ.) հաղթելով արևելամիջերկրածովյան ավազանում իր հակառակորդներին` տեր դարձավ Սիրիայի և Պաղեստինի մեծ մասին` հյուսիսում հասնելով մինչև Կարքեմիշ քաղաքը: Հարավում սահմանը հասցվեց մինչև Նեղոսի չորրորդ սահանք: Թութմոս III–ը ստեղծեց մի տերություն, որը հյուսիսից հարավ ձգվում էր մոտ 3200 կմ: Թութմոսը Եգիպտոսի պատմության մեջ առաջինն էր, ով նվաճվածների վրա սահմանեց հստակ հարկային և այլ պարտավորություններ: Տասնամյակներ տևած պատերազմների ընթացքում ձեռք բերված ռազմավարը, ինչպես նաև խոշոր հարկերի մուտքը երկիր մեծապես նպաստեցին տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, երկրում սկսվեց լայն շինարարական գործունեություն: Էխնաթոնի կրոնաքաղաքական բարեփոխումները Նվաճված երկրներից ստացվող միջոցների մի մասը տրվում էր տաճարներին, առաջին հերթին՝ մայրաքաղաք Թեբեի հովանավոր աստված Ամոնի տաճարին: Տաճարի քրմերը շուտով այնքան ազդեցություն ձեռք բերեցին, որ միջամտում էին նույնիսկ պետության աշխարհիկ գործերին: Ամոնի քրմության հզորացումը թշնամաբար էր ընդունվում հատկապես արքունիքում ծառայող ազնվականության կողմից: Իրավիճակը լարվեց Ամենհոտեպ IV–ի (Ք.ա. 1352–1336 թթ.) կառավարման տարիներին: Փարավոնը վճռեց հարցին տալ արմատական լուծում: Նա դիցարանում առաջ մղեց նախկինում երկրորդական դեր ունեցող Աթոն աստծուն, որը մարմնավորում էր Արևի սկավառակը: Աթոնը հռչակվեց Եգիպտոսի միակ աստվածը: Մյուս բոլոր աստվածությունները, ներառյալ նաև Ամոնը, վերածվեցին Աթոնի սպասավորների: Աթոնն ընկալվում էր որպես աշխարհի միակ աստված, որն արարել էր Եգիպտոսը և մնացյալ երկրները: Ամենհոտեպն իրեն հռչակեց Աթոնի միակ որդի, հրաժարվեց իր գահակալական անունից և ընդունեց նոր անուն` Էխնաթոն (Աթոնին հաճելի): Նա լքեց Թեբեն և տեղափոխվեց նոր հիմնադրված մայրաքաղաք` Ախետաթոն (Աթոնի հորիզոն): Էխնաթոնի բարեփոխումները հանդիպեցին քրմության և նոմային ազնվականության դիմադրությանը: Բնակչությունը նույնպես հավատարիմ մնաց հին աստվածներին: Էխնաթոնի մահից հետո նրա հաջորդները վերականգնեցին Ամոնի և մյուս աստվածների պաշտամունքը, քրմությանը վերադարձվեցին նրա իրավունքները: Ռամզես II–ի կառավարումը Եգիպտոսը սկսեց նորից վերելք ապրել` իր հզորության բարձրակետին հասնելով Ռամզես II–ի իշխանության տարիներին (Ք.ա. 1279–1213 թթ.): Ռամզես II–ը վերստին ձեռնամուխ եղավ Արևելամիջերկրածովյան ավազանում Եգիպտոսի կորսված դիրքերը վերականգնելու խնդրին: Դա նրանից պահանջեց ուժերի հսկայական լարում, քանի որ այստեղ եգիպտացիների հակառակորդը Առաջավոր Ասիայի հզորագույն Խեթական տերությունն էր: Երկարատև հակամարտությունն ի վերջո ավարտվեց հաշտությամբ: Ք.ա. 1259 թ. Ռամզեսի և խեթական արքա Խաթթուսիլիս III–ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվում էին բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, իսկ երրորդ կողմի դեմ պատերազմի ժամանակ պետք է օգնեին միմյանց: Խեթա–եգիպտական պայմանագիրը դիվանագիտության պատմության մեջ եզակի օրինակ է, որի մի շարք սկզբունքներ ընկած են արդի դիվանագիտության հիմքում: Հաստատված խաղաղությունը թույլ տվեց փարավոնին իրականացնելու հսկայածավալ շինարարություն: Հիմնվեցին նոր քաղաքներ, այդ թվում` փարավոնի նստավայր Պեր–Ռամզես քաղաքը: Կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, որոնցից նշանավոր է Աբու–Սիմբելի ժայռակերտ տաճարը` Ռամզեսի 20–մետրանոց չորս հսկայական արձաններով: Դելտայում հազարավոր հեկտար հողատարածություններ դարձան ոռոգելի: Ռամզես II–ի կառավարման շրջանը եգիպտական պետության և քաղաքակրթության ծաղկման տարիներն էին: Ուշթագավորությունը Ռամզեսի հաջորդների օրոք Եգիպտոսը սկսեց կորցնել իր ազդեցությունը արտաքին աշխարհում: Դա կապված էր Արևելյան Միջերկրականում և հարևան շրջաններում սկսված ճգնաժամի հետ, որի ընթացքում դադարեցին գոյություն ունենալուց Խեթական տերությունը և այլ երկրներ: Փարավոնները դժվարությամբ էին դիմագրավում դեպի Եգիպտոս արշավող լիբիական ցեղերին և «ծովի ժողովուրդներին»: XX հարստության անկումից հետո (Ք.ա. 9-րդ դար) Եգիպտոսը վերստին տրոհվեց: Եգիպտոսն այլևս ի վիճակի չեղավ վերականգնելու իր ռազմաքաղաքական և տնտեսական ներուժը: Այս պահից սկսած՝ Ուշ թագավորության շրջանում, մի քանի դար շարունակ, Եգիպտոսում իշխում էին օտար ծագման հարստություններ, կամ երկիրը օտարների տիրապետության տակ էր: Ք.ա. X դ. Եգիպտոսում հաստատվեց լիբիական ցեղապետերից մեկի իշխանությունը: Ք.ա. VIII դ.Եգիպտոսն ընկավ իր հարավային հարևան Քուշի (այժմ՝ Եթովպիա) տիրապետության տակ: Ք.ա. VII դ. երկիրը մի կարճ ժամանակով նվաճվեց Ասորեստանի կողմից: Թեև շուտով երկիրն ազատագրվեց, սակայն նախկին բարձունքներին այդպես էլ չհասավ: Ի վերջո Ք.ա. 525 թ. Եգիպտոսը նվաճվեց Կյուրոս Մեծի որդի Կամբիսի կողմից: Աքեմենյան տիրապետությունը Եգիպտոսում շարունակվեց մինչև Ք.ա. 332 թ., երբ երկիրը նվաճեց Ալեքսանդր Մակեդոնացին: Միջագետքյանքաղաքակրթություններ Միջագետքը քաղաքակրթությունն ընդգրկում է Եփրատ և Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքի ավազանը: Հյուսիսից հարավ այն ձգվում է Հայկական լեռնաշխարհից մինչև Պարսից ծոց, արևելքից արևմուտք` Արևմտյան Իրանի լեռներից մինչև Սիրիական տափաստան և արաբական անապատներ: Միջագետքի բնակեցումը սկսվել է դեռևս հին քարի դարում: Ք.ա. VII հազարամյակում Միջագետքի հյուսիս–արևելքում՝ Զագրոսյան լեռների փեշերին, ի հայտ են գալիս առաջին վաղ երկրագործական կենտրոնները: Աստիճանաբար Միջագետքից հյուսիս ընկած Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններից վաղ երկրագործական համայնքները սկսեցին շարժվել հարավ: Երկրագործությամբ զբաղվելու համար անհրաժեշտ էր արհեստական ոռոգում: Ահա այս շրջանում` Ք.ա. VI հազարամյակի սկզբին, մարդիկ սկսեցին անցկացնել առաջին ոռոգող առուները: Առաջ եկան երկրագործական հարյուրավոր փոքր բնակատեղիներ: Հարավային Միջագետքի հնագույն բնակիչները շումերներն էին: Ք.ա. III հազարամյակից սկսած՝ Միջագետք են ներթափանցում սեմալեզու ցեղեր, որոնք խոսում էին աքքադերեն կամ ասուրա–բաբելերեն: Ք.ա. III հազարամյակին Հյուսիսային Միջագետք և Հյուսիսային Սիրիա ներթափանցեցին խուռիական ցեղերը, որոնք հիմնեցին պետական կազմավորումներ: Ավելի ուշ եկան կասիտական ցեղերը: Շումերական քաղաք—պետությունները: Դեռևս Ք.ա. V հազարամյակին Հարավային Միջագետքում առաջացան խոշոր բնակավայրեր՝ մինչև տասը հեկտար տարածքով և շուրջ հինգ հազար բնակչությամբ: Բնակավայրի կենտրոնում գտնվում էր տաճարը, վարչական կառույցներ, որոնց շուրջը սփռված էին բնակելի թաղամասերը: Հասարակության՝ նոր հողերի տիրելու աճող պահանջները առաջ բերեցին մշտական ընդհարումներ հարևան համայնքների միջև: Բնակավայրերը սկսեցին պատել պարիսպներով: Նկատվում էր հասարակության ռազմականացում: Միաժամանակ դիտվում էր արտադրողական ուժերի բուռն աճ, համայնքի քայքայմանը զուգընթաց առանձնանում էր իշխող խավը: Համայնքի առաջնորդների ձեռքում կենտրոնացան նյութական մեծ միջոցներ: Մեծ ծավալներ ընդունեց հատկապես առևտուրը: Մինչև Ք.ա. III հազարամյակի սկիզբը Միջագետքը քաղաքական առումով միավորված չէր: Այստեղ գոյություն ունեին մի քանի տասնյակ քաղաք–պետություններ: Դրանցից առավել հայտնի էին Քիշը, Ուրը, Լագաշը, Ումման, Ուրուկը և այլն: Սրանք մշտական պայքար էին մղում միմյանց դեմ՝ հողատարածությունների և քաղաքական գերիշխանության համար: Սկզբում նշանակալից վերելք ապրեց Քիշ քաղաքը, որի կառավարիչ Էտանայի անվան շուրջ հետագայում ստեղծվեցին առասպելական պատմություններ: Ըստ դրանց՝ Էտանան համարվում էր Շումերում թագավորության հիմնադիրը: Շուտով վերելք է ապրում Ուրուկը: Ուրուկի կառավարիչներից առավել հայտնի է Գիլգամեշը, ով շումերական առասպելների գլխավոր հերոսներից է: Գիլգամեշը ոչ միայն ազատագրեց քաղաքը Քիշի գերիշխանությունից, այլև իր իշխանությունը հաստատեց Հարավային Միջագետքում: Կենտրոնացված համաշումերական պետություն ստեղծելու ջանքերը շարունակվեցին հետագայում ևս: Առաջնությունը նախ անցավ Ուր քաղաքին, այնուհետև՝ Լագաշին: Վերջինս հաղթանակներ տարավ շումերական քաղաքների նկատմամբ, արշավեց Էլամ: Ուրի իշխանության ներքո միավորվեց գրեթե ողջ Շումերը: Սակայն շուտով Լագաշի հզորությունը սասանվեց: Լագաշում ապստամբության միջոցով տեղի ունեցավ իշխանափոխություն: Նոր կառավարիչը իրականացրեց մի շարք բարեփոխումներ: Նա պակասեցրեց հարկերը, վերականգնեց տաճարների իրավունքները: Ավելացվեց Լագաշի լիիրավ քաղաքացիների թիվը: Նա իրեն հռչակեց արքա, ինչն առաջացրեց հարևան քաղաք–պետությունների դժգոհությունը: Հարևան պետություններից Ումմայի կառավարիչը ստեղծեց հակալագաշյան դաշինք, արշավեց և գրավեց Լագաշը: Նրան հաջողվեց շուտով միավորել ողջ Շումերը: Միավորված Շումերի պետությունը, սակայն, կարճատև գոյություն ունեցավ: Մի քանի տարի անց այն նվաճվեց իր հյուսիսային հարևան Աքքադի կողմից: Աքքադ: Ք.ա. III հազարամյակի կեսերից արևմուտքից Միջագետք ներթափանցեցին սեմական ցեղեր: Նրանք աստիճանաբար ձեռք բերեցին որոշակի ազդեցություն և սկսեցին գործուն դեր խաղալ միջագետքյան երկրների քաղաքական կյանքում: Որոշ շրջաններում սեմական առաջնորդները հասան իշխանության: Դրանցից էր Աքքադի թագավորության հիմնադիր Սարգոնը (Ք.ա. 2330–2295 թթ.): Սկզբում Սարգոնը հասավ իշխանության Քիշ քաղաքում: Այնուհետև Կենտրոնական Միջագետքում նա հիմնադրեց նոր քաղաք` Աքքադը (կամ Ագադե), որի անունով էլ կոչվեց պետությունը: Սարգոնն իրականացրեց մի շարք բարեփոխումներ: Նրան է վերագրվում աշխարհում առաջին մշտական բանակի կազմավորումը` բաղկացած 5400 զինվորներից, որոնց միակ գործը պատերազմելն էր: Ընդ որում՝ այդ բանակը պահվում էր բացառապես պետության հաշվին: Ի տարբերություն շումերական քաղաքների ծանրազեն հետևազորի` նա շեշտը դրեց նետաձիգներից կազմված թեթևազեն զինվորների վրա: Հենվելով նոր բանակի վրա` Սարգոնը նվաճեց Ուրը, Ումման, Լագաշը, այնուհետև ողջ Շումերը: Շումերի նվաճումն ավարտելուց հետո Սարգոնն արշավեց դեպի Էբլա և Մարի (ներկայիս Սիրիայում), Սուբարտու (Հյուսիսային Միջագետք և Հայկական լեռնաշխարհի հարավ) և Էլամ (Հարավ-արևմտյան Իրան): Սարգոնի երկարամյա կառավարման արդյունքը եղավ Աքքադի ընդարձակ տերության կազմավորումը: Աքքադը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Սարգոնն ամրապնդեց արքայական իշխանությունը, սկսեց կառավարել միանձնյա, ինչն առաջ բերեց տոհմային ավագանու դժգոհությունը: Կենտրոնախույս միտումներ էին դրսևորում նաև նվաճված երկրները, որոնք հաճախակի ապստամբում էին: Դրանցից մեկի ժամանակ ապստամբներն անգամ պաշարեցին մայրաքաղաքը, և Սարգոնը դժվարությամբ կարողացավ փրկել իր գահը: Արքայական իշխանության դեմ սկսվեցին խռովություններ, որոնք դաժանաբար ճնշվում էին: Սակայն խռովություններն ու դավադրությունները չդադարեցին, որոնց զոհ գնացին Սարգոնին հաջորդած նրա երկու որդիները: Աքքադի թագավորությունն իր հզորության բարձրակետին հասավ Սարգոնի թոռան` Նարամսինի գահակալության տարիներին: Նարամսինը ձեռնարկեց արմատական քայլեր` արքայական իշխանությունն ամրապնդելու նպատակով: Մասնավորապես նա իշխանությունից հեռացրեց մի շարք քաղաքների կառավարիչների, որոնք իշխում էին ժառանգաբար՝ նրանց փոխարեն նշանակելով իր որդիներին: Նա հատկապես հենվում էր քրմության վրա: Դրա դիմաց Նարամսինին սկսեցին մատուցել աստվածային պատիվներ և նրան հռչակեցին Աքքադի աստված: Նարամսինն իրականացրեց մի շարք նվաճումներ: Ծովային արշավանքի ընթացքում նա հասավ մինչև Արաբական թերակղզու արևելք և Հյուսիսարևմտյան Հնդկաստան: Իր արձանագրություններում Նարամսինն իրեն համարում էր «աշխարհի չորս կողմերի» թագավոր: Քրմության մի մասը դժգոհ էր Նարամսինին աստված հռչակելու փաստից: Արքայից դժգոհ էր նաև տոհմային ավագանին, որը ձգտում էր վերականգնել իր դիրքերը երկրում: Նարամսինի կառավարման վերջին տարիներն անցան այս ուժերի դեմ մղված լարված պայքարում: Դրան շուտով գումարվեց արտաքին վտանգը: Աքքադի թագավորությանը սկսեցին սպառնալ լեռնական կուտիների ցեղերը, որոնք պարբերաբար ներխուժում էին Միջագետք, ավերում և թալանում երկիրը: Արձանագրությունները կուտիների արշավանքները ներկայացնում են որպես աստվածների ուղարկած պատիժ: Նարամսինի կառավարումից որոշ ժամանակ անց Միջագետքը նվաճվեց կուտիների կողմից: Չնայած Աքքադի թագավորությունը կարճատև կյանք ունեցավ, սակայն պատմության մեջ թողեց խոր հետք: Նույնիսկ ավելի քան հազար տարի անց Միջագետքի և հարևան երկրների ժողովուրդները հիշում էին Սարգոն Աքքադացուն՝ որպես մեծ և խիզախ արքայի ու նվաճողի: Իսկ Ք.ա. VII–VI դդ. այս անունով էր հանդես գալիս նաև Բաբելոնիայի թագավորությունը: Աքքադի անունով է կոչվում նաև միջագետքյան սեպագիր արձանագրությունների լեզուն՝ աքքադերենը: Ուրի III հարստությունը: Կուտիները Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռների բնակիչներն էին, ովքեր գտնվում էին հասարակական–տնտեսական զարգացման ցածր մակարդակի վրա: Այդ էր պատճառը, որ վերացնելով Աքքադի թագավորությունը՝ նրանք չկարողացան ստեղծել այստեղ իրենց ամուր պետականությունը: Նրանք Միջագետքի քաղաքներից հարկ էին ստանում տեղական կառավարիչների միջոցով: Կուտիական տիրապետությունը մեծ վնասներ չպատճառեց այստեղի տնտեսապես զարգացած քաղաքներին: Միջագետքում կուտիների իշխանությունը շարունակվեց մոտ մեկ դար: Ք.ա. 2109 թ. Ուրուկ քաղաքից ոմն Ուտուխեգալ, որը հասարակ ձկնորս էր, համախմբեց բնակչությանը, դաշնակցեց Ուր քաղաքի հետ և կուտիներին վտարեց Միջագետքից: Կուտիների տիրապետությունը, որպես երկրին պատուհասած աննախադեպ աղետ, դեռ երկար ժամանակ մնալու էր միջագետքցիների հիշողության մեջ: Կուտիների վտարումից ոչ շատ անց Միջագետքում գերիշխանությունն անցավ Ուրի տիրակալ Ուր–Նամմուին: Վերջինս հիմք դրեց Շումերա–աքքադական միացյալ թագավորությանը, որը կոչվում է նաև Ուրի III հարստության պետություն: Այս երկիրը հին արևելյան պետության դասական օրինակ էր: Տեր ու տնօրենը երկրում արքան էր, որի անձն աստվածացված էր: Նա ուներ անսահմանափակ իշխանություն, կառավարում էր բազմաստիճան պաշտոնեության միջոցով: Արդարություն ապահովելու և արդարադատություն իրականացնելու նպատակով կազմավորվեց արքայական դատարան, որի գործունեության համար հիմք էին ծառայում Ուրի արքա Շուլգիի հրապարակած օրենքները: Երկրում հողերի մեծ մասը պատկանում էր արքայական և տաճարային տնտեսություններին: Դրանցում աշխատում էին գրեթե ստրկական կարգավիճակում գտնվող վարձու աշխատողներ` այսպես կոչված գուրուշները, որոնք իրենց աշխատանքի դիմաց ստանում էին վարձավճար բնամթերքով: Օրավարձը տղամարդու համար կազմում էր 1,5 լ, իսկ կնոջ համար՝ 0,75 լ գարի: Աշխատում էին նաև ստրուկներ և իրենց հողը կորցրած համայնականներ: Վերջիններիս թվաքանակը շարունակ աճում էր, ինչը ստիպում էր արքաներին քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համայնքի ամբողջական քայքայումը: Դրա համար նրանք անգամ արգելեցին համայնական հողատարածքների առք ու վաճառքը: Ուրի արքա Շուլգին և նրան հաջորդած որդիները մի շարք արշավանքներ ձեռնարկեցին դեպի հարևան երկրներ: Շումերի և Աքքադի միացյալ թագավորությունը Առաջավոր Ասիայի խոշորագույն պետություններից մեկն էր, որի սահմանները ձգվում էին Պարսից ծոցից մինչև Սիրիա և Հայկական լեռնաշխարհի հարավ: Ուրի III հարստության շրջանում ծաղկում ապրեց տնտեսությունը, անցկացվեցին նոր ջրանցքներ, զարգացման բարձր մակարդակի հասավ մշակույթը, հատկապես գրականությունը: Սակայն Ուրի թագավորությունն ունեցավ կարճատև կյանք: Դրա պատճառը դեռևս Ք.ա. XXI դ. վերջերից Միջագետք ներթափանցող քոչվոր ամորեական ցեղերի հարձակումներն էին: Ամորեացիների հարձակումների հետևանքով Ուրի III հարստության ենթակայությունից դուրս եկան բազմաթիվ քաղաքներ: Վերջին հարվածը Ուրին հասցրին հարևան էլամցիները: Օգտվելով երկրում ստեղծված տնտեսական ծանր իրավիճակից` Ք.ա. 2003 թ. էլամցիները պաշարեցին և գրավեցին Ուրը` գերեվարելով հարստության վերջին արքային և ողջ ազնվականությանը, տանելով մեծաքանակ ավար, այդ թվում` շումերա–աքքադական աստվածների արձանները: Ասորեստանը ք.ա. III–I հազարամյակներում: Աշուր քաղաքը Տիգրիս գետի և նրա վտակ Մեծ Զաբի միախառնման վայրում էր: Քաղաքի անվանումը ծագում է Աշուր աստծո անունից: Վերջինս այն լեռան աստվածն էր, որի վրա հիմնվել էր բնակավայրը: Ք.ա. XX դ. սկզբներին Աշուրում սկսում են մեծ դեր խաղալ աքքադացիները, և այստեղ հաստատվում է աքքադական հարստություն: Աշուրի պետության (Ասորեստան) վերելքը նախ և առաջ պայմանավորված էր առևտրի և արհեստների զարգացումով: Աշուրով էին անցնում Արևելամիջերկրածովյան ավազանը, Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը Սիրիային և Միջագետքին կապող առևտրական գլխավոր մայրուղիները: Աշուրն իր առևտրական գաղութները հիմնեց հենց այդ մայրուղիների հանգուցակետերում` հումքի աղբյուրներին առավել մոտ, հատկապես Փոքր Ասիայում: Աշուրցի առևտրականները գլխավորապես զբաղվում էին մետաղի հումքի ներմուծմամբ (պղինձ, բրոնզի համաձուլվածք, արծաթ և այլն), ինչից Միջագետքը զուրկ էր: Արտահանում էին գերազանցապես արհեստագործական արտադրանք, ինչպես նաև անագ, որը բերվում էր հեռավոր Աֆղանստանից: Ք.ա. XIX դ. արևմուտքից դեպի Միջագետք սկսվեց սեմախոս ամորեական ցեղերի (աքքադ. Ամուրրու՝ ՙարևմուտք՚ բառից) ներհոսքը: Կարճ ժամանակում եկվորները տիրեցին Միջագետքի բերրի հողերին և այստեղ ստեղծեցին իրենց իշխանությունները: Ամորեացիների հարձակումները առևտրական ուղիների և բնակավայրերի վրա խափանեցին առևտուրը, ինչը ծանր անդրադարձավ Աշուրի տնտեսական հզորության վրա: Այդ է պատճառը, որ Աշուրի ազնվականությունը հրավիրեց ամորեական ցեղերից մեկի առաջնորդ Շամշի–Ադդուին, որը հռչակվեց Աշուրի արքա: Նրա իշխանության օրոք Աշուրը նոր վերելք ապրեց` ձեռնամուխ լինելով տարածքային նվաճումների: Շամշի–Ադդուն գրավեց գրեթե ողջ Սիրիան, իսկ արշավանքներից մեկի ժամանակ նրա զորքը դուրս եկավ Միջերկրականի ծովափ: Արևմուտքում տերության սահմանները հասնում էին մինչև Զագրոսյան լեռներ: Սակայն Շամշի–Ադդուի տերությունը կարճատև կյանք ունեցավ: Ամորեացիներն ի վիճակի չեղան յուրացնելու գրավված երկրները, և Շամշի–Ադդուի մահից հետո նրա կերտած տերությունը սկսեց քայքայվել: Շուտով Աշուրը կտրվեց իր փոքրասիական գաղութներից, որոնք քիչ ավելի ուշ դադարեցին գոյություն ունենալուց: Իսկ բուն Աշուր քաղաքը նվաճվեց Բաբելոնիայի արքա Համմուրապիի զորքերի կողմից: Բաբելոնյան տիրապետությունը ևս երկար չշարունակվեց: Հաջորդ դարում Աշուրը նվաճվեց նորաստեղծ Միտաննիի կողմից և մնաց վերջինիս գերիշխանության տակ մինչև Ք.ա. XIV դ. կեսերը: Միջին ասորեստանյան պետությունը Ք.ա. XV դարի սկզբներին Ասորեստանը փորձեր ձեռնարկեց անկախանալու ուղղությամբ: Այդ նպատակով ասորեստանյան արքաները ձգտում էին հենվել Եգիպտոսի վրա: Օգտվելով Միտաննիի ծանր վիճակից` Ասորեստանը գրավեց միտաննական որոշ տարածքներ: Ասորեստանի ռազմաքաղաքական վերելքը շարունակվեց հատկապես Սալմանասար I–ի օրոք (Ք.ա. 1263–1234 թթ.): Նրա զորքերն արևմուտքում հասան մինչև Կարքեմիշ: Նա նաև արշավանքներ իրագործեց դեպի Հայկական լեռնաշխարհ` բախվելով Ուրուատրի միության հետ: Միջին ասորեստանյան պետությունն իր հզորության բարձրակետին հասավ Թուկուլթի–Նինուրտա I–ի իշխանության տարիներին (Ք.ա. 1233–1197 թթ.): Նա հերթական անգամ արշավեց Սիրիա՝ այստեղից վերադառնալով հարուստ ռազմավարով և տանելով մոտ 30000 ռազմագերի: Բացի այդ, նրան հաջողվեց անգամ նվաճել Բաբելոնը: Ասորեստանյան արքան արշավանքներ ձեռնարկեց դեպի Հայկական լեռնաշխարհ` բախվելով Նաիրի միության հետ: Թուկուլթի–Նինուրտա I–ը դավադրության զոհ դարձավ, և երկիրը, ուր բռնկվել էին գահակալական կռիվներ, առժամանակ նահանջ ապրեց: Ասորեստանը կորցրեց իր նվաճած երկրների մեծ մասը: Ասորեստանը կարճատև վերելք ապրեց Թիգլաթպալասար I–ի օրոք Ք.ա. XI դարի սկզբներին: Նվաճելով Հյուսիսային Սիրիան՝ նա ներխուժեց Հարավարևելյան Փոքր Ասիա: Թիգլաթպալասարը նոր հաղթանակներ տարավ Նաիրյան երկրների նկատմամբ`իր արշավանքներից մեկի ժամանակ դուրս գալով Վանա լճի ափեր: Թիգլաթպալասարի օրոք երկրի առջև ծառացած հիմնական խնդիրը արևմուտքից և հյուսիսից զանազան ցեղերի պարբերական շարժումներն էին դեպի Ասորեստան: Մասնավորապես արամեացիների դեմ պայքարում Ասորեստանը կորցրեց կենսական տարածքներ և գրեթե մեկուկես դար հազիվ էր պահպանում իր գոյությունը: Նոր ասորեստանյան տերությունը Տևական անկումից հետո` Ք.ա. IX դարի սկզբներին, Ասորեստանը սկսում է վերականգնել ազդեցության նախկին գոտիները: Այս առումով մեծ հաջողությունների հասավ Նոր ասորեստանյան տերության կերտող Աշուրնածիրպալ II–ը (Ք.ա. 884–858 թթ.): Նրա օրոք արևմուտքում Ասորեստանը նվաճեց մինչև Կարքեմիշ ձգվող տարածքը` հերթական անգամ հասնելով Եփրատ գետի ափ: Արշավանքներից մեկի ժամանակ նրա զորքերը անգամ դուրս եկան Միջերկրական ծով: Նա հաղթանակներ տարավ նաև Բաբելոնիայի նկատմամբ` նրանից նվաճելով բազմաթիվ սահմանային քաղաքներ: Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը շարունակեց որդին` Սալմանասար III–ը: Իր կառավարման ընթացքում նա տարբեր ուղղություններով ձեռնարկեց ավելի քան 30 արշավանք: Նրա առաջին արշավանքներից մեկն ուղղված էր դեպի Հայկական լեռնաշխարհ` նորաստեղծ Ուրարտական պետության դեմ: Ասորեստանը ստիպված էր նաև ծանր պայքար մղել Սիրիայում: Սալմանասար III–ի կառավարման վերջին տարիներն անցան ներքաղաքական լարված պայքարում, ինչը կապված էր գահաժառանգության խնդրի հետ: Ասորեստանյան արքան, շրջանցելով ավագ որդուն, գահաժառանգ էր հռչակել իր կրտսեր որդիներից մեկին: Արդյունքում արքայի ավագ որդու գլխավորությամբ բռնկվեց ապստամբություն, որն արագորեն տարածվեց ողջ երկրում: Միայն վեցամյա ծանր պայքարից հետո իրավիճակը կարգավորվեց: Ք.ա. VIII դարի առաջին կեսին Ասորեստանը կտրուկ անկում ապրեց և մի պահ կանգնեց գրեթե կործանման եզրին: Դա պայմանավորված էր ինչպես տասնամյակներ տևող պատերազմներով, այնպես էլ Վանի թագավորության վերելքով, հատկապես Արգիշտի I–ի և Սարդուրի II–ի օրոք: Իրավիճակը փոխվեց Թիգլաթպալասար III–ի (Ք.ա. 744–727 թթ.) օրոք: Թիգլաթպալասարը Ք.ա. 743 թ. պարտության մատնեց ուրարտական արքա Սարդուրի II–ին, նվաճեց Ուրարտուի գերիշխանության տակ գտնվող մի շարք երկրներ: Այս հաղթանակները հնարավորություն տվեցին Թիգլաթպալասարին ազատորեն գործելու այլ ուղղություններում: Դեպի արևմուտք ուղղված արշավանքներով նա նվաճեց փյունիկյան ծովափն ու Պաղեստինը` հասնելով մինչև Եգիպտոսի սահման: Անգամ եգիպտական փարավոնը ստիպված էր հարկ տալ Թիգլաթպալասարին: Նրա նվաճումների արդյունքում Ասորեստանի տարածքները կրկնապատկվեցին: Միջագետքի մյուս խոշոր պետությունը` Բաբելոնիան, հայտնվեց ասորեստանյան փաստացի շրջափակման մեջ: Բաբելոնիան ապրում էր խոր ճգնաժամ այստեղ ծավալված գահակալական պայքարի պատճառով: Դրանից չհապաղեց օգտվել ասորեստանյան արքան: Ք.ա. 729 թ. Թիգլաթպալասարը գրավեց Բաբելոնը և հռչակվեց բաբելոնյան արքա: Ասորեստանի գործուն արտաքին քաղաքականությունը շարունակեց Սարգոն II–ը (Ք.ա. 721–705 թթ.): Իր կառավարման տարիները նա անցկացրեց՝ պատերազմելով բոլոր ճակատներում: Նա գրավեց Սամարիան և շարժվեց դեպի եգիպտական սահման: Հետագայում Ասորեստանը նույնիսկ իր գերիշխանությունը հաստատեց Կիպրոսում: Օգտվելով այն հանգամանքից, որ ուրարտական արքան ծանր պարտություն էր կրել կիմերական ցեղերից՝ Սարգոնը Ք.ա. 714 թ. խոշոր արշավանք ձեռնարկեց դեպի Ուրարտու, որն ավարտվեց հաղթանակով: Ասորեստանյան արքան էապես ընդարձակեց երկրի սահմանները նաև Հարավարևելյան Փոքր Ասիայում ի հաշիվ լուվիական պետությունների: Այստեղ, սակայն, Ք.ա. 705 թ. տեղի ունեցած ճակատամարտում ասորեստանյան բանակը պարտվեց, զոհվեց նաև Սարգոնը: Գահն անցավ նրա որդի Սինաքերիբին: Հետագա տարիներին ասորեստանցիներից ավելի ու ավելի մեծ ջանքեր էին պահանջվում նվաճված երկրները վերահսկողության տակ պահելու համար: Թեև ասորեստանյան որոշ արքաներ շարունակում էին վարել գործուն նվաճողական քաղաքականություն, սակայն դա նրանց վերջին հաջողությունն էր: Լարված իրավիճակ ստեղծվեց հատկապես ասորեստանյան տիրապետության տակ գտնվող Բաբելոնում, որը մեկ անգամ չէ, որ փորձել էր ապստամբելովհասնել անկախության: Օգտվելով Ասորեստանում սկսված գահակալական պատերազմներից` քաղդեացի ցեղապետ Նաբոպալասարը գրավեց Բաբելոնը և Ք.ա. 626 թ. թագադրվեց որպես Բաբելոնիայի արքա: Ծանր պայքարով ազատագրելով իր երկիրը` Նաբոպալասարը պատերազմը տեղափոխեց ասորեստանյան տարածք: Այս շրջանից սկսած՝ Ասորեստանը ստիպված էր պարզապես գոյության պայքար մղել: Ք.ա. 612 թ. մայրաքաղաք Նինվեի անկումից հետո Ասորեստանը, ըստ էության, դադարեց գոյություն ունենալուց, թեև տերության արևմուտքում առժամանակ շարունակում էին պահպանվել ասորեստանյան պետականության ավանդույթները: Բաբելոնիան ք.ա. II–I հազարամյակներում Բաբելոնիան ամորեացիների և կասիտների օրոք Ք.ա. XX դարում ամորեական ցեղերի մի մասը սկսեց զանգվածաբար հաստատվել Կենտրոնական Միջագետքում: Այստեղ` Եփրատ և Տիգրիս գետերի առավելագույն մերձեցման վայրում, նրանք հիմնեցին իրենց թագավորությունը, որի կենտրոն դարձավ Բաբելոն քաղաքը: Սկզբնապես Բաբելոնիան քաղաքական թույլ կազմավորում էր և Միջագետքի կյանքում չուներ էական դերակատարություն: Բաբելոնիայի ռազմաքաղաքական վերելքը սկսվեց Համմուրապի արքայի օրոք (Ք.ա. 1792–1750 թթ.): Վերջինս նախ և առաջ նվաճեց մի շարք ամորեական ցեղապետություններ և Հարավային Միջագետքի քաղաքներ: Այնուհետև բաբելոնյան զորքերը գրավեցին Աշուրը և հաղթական արշավանքներ կատարեցին դեպի Էլամ: Համմուրապին իր տիրապետությունը հաստատեց ողջ Միջագետքի վրա: Նա ձգտում էր ռազմական ուժով նվաճված պետությունը ամրապնդել նաև ներսից: Այդ նպատակով նրա հրամանով հավաքվեցին Միջագետքում նախորդ դարաշրջաններում ստեղծված օրենքների ժողովածուները, դրանք հիմնավորապես վերամշակվեցին, և կազմվեց միասնական օրենսգիրք: Դա միջազգային իրավունքի պատմության մեջ առաջին հիմնավոր փորձն էր իրավական պետության ստեղծման ճանապարհին: Համմուրապիի որդու օրոք Բաբելոնիան բախվեց լուրջ խնդիրների հետ: Շուտով Էլամի արքայի արշավանքի հետևանքով Բաբելոնիայի վերահսկողությունից դուրս եկավ Հարավային Միջագետքը: Մինչ այդ նրան մեծ դժվարությամբ էր հաջողվել ճնշել երկրում սկսված ապստամբությունները: Բաբելոնիան աստիճանաբար զիջում էր իր դիրքերը տարածաշրջանում: Բաբելոնիայի ամորեական հարստությունը անկում ապրեց Ք.ա. 1531 թ., երբ խեթական արքա Մուրսիլիս I–ը մտավ Միջագետք և գրավեց Բաբելոնը: Ամորեական հարստության անկումից հետո քաղաքական գերիշխանությունն անցավ կասիտական ցեղերին: Կասիտներից զգալի ժամանակ և ջանքեր պահանջվեցին` երկրում իրենց տիրապետությունը հաստատելու համար: Ամրապնդելով իրենց իշխանությունը` կասիտական արքաները իրականացրին շինարարական լայն գործունեություն. վերականգնվեցին կիսավեր տաճարները, կառուցվեցին նորերը: Կասիտ արքա Կուրիգալզու I–ը Բաբելոնից ոչ հեռու կառուցեց նոր մայրաքաղաք: Կասիտներն արագորեն ձուլվեցին Միջագետքի բնակչության հետ` ընդունելով նրանց մշակույթն ու լեզուն: Բաբելոնիան կասիտների օրոք վարում էր գործուն արտաքին քաղաքականություն, մի պահ նրանց իշխանությունը տարածվեց նաև Աշուրի վրա: Կասիտ արքա Կուրիգալզու II–ը հաղթեց Էլամին և գրավեց Սուսան (հետագայի Շոշը): Սակայն վերելքը երկար չշարունակվեց: Հզորացող Ասորեստանը պայքար սկսեց Բաբելոնիայի դեմ, որը վերաճեց տևական հակամարտության: Երկրի գլխին մշտապես կախված էր ասորեստանյան սպառնալիքը: Դրությունը բարդանում էր նաև էլամցիների ձեռնարկած արշավանքների պատճառով: Կասիտները դժվարանում էին անխախտ պահել երկրի սահմանները, ապահովել Բաբելոնիան միջազգային առևտրական ուղիներին կապող ճանապարհների անվտանգությունը: Ք.ա. XIII դ. խորացավ Բաբելոնիայի քաղաքական անկումը: Ասորեստանի արքա Թուկուլթի–Նինուրտա I–ը պարտության մատնեց կասիտ արքային և գրավեց Բաբելոնը: Սակայն Բաբելոնիային սպառնացող գլխավոր վտանգը ոչ թե Ասորեստանն էր, այլ Էլամը: Բաբելոնիայի վերջին արքան պարտություն կրեց էլամցիներից և գերեվարվեց Էլամ: Բաբելոնը վերածվեց էլամական նահանգի: Նորբաբելոնյան թագավորության կազմավորումն ու վերելքը Ք.ա. VIII դ. երկրորդ կեսին Բաբելոնիան նվաճվեց Ասորեստանի արքա Թիգլաթպալասար III–ի կողմից: Դրանից հետո շուրջ հարյուր տարի երկիրը Ասորեստանի տիրապետության տակ էր: Սակայն ասորեստանցիներին չհաջողվեց լիակատար վերահսկողություն սահմանել Բաբելոնիայի նկատմամբ: Բաբելացիներն օգտագործում էին ամեն հարմար առիթ` անկախությունը վերականգնելու համար: Այդ պայքարում առաջատար ուժը դարեր առաջ Բաբելոնիայում հաստատված քաղդեական ցեղերն էին: Սովորաբար նրանք դաշնակցում էին Ասորեստանի հակառակորդ Էլամի հետ:Ք.ա. 626 թ. Նաբոպալասարի գլխավորած պայքարն ավարտվեց Ասորեստանի կործանմամբ: Սկսվեց Առաջավոր Ասիայում նորբաբելոնյան գերիշխանության դարաշրջանը: Բաբելոնիան իր հզորության բարձրակետին հասավ Նաբուգոդոնոսոր II–ի օրոք (Ք.ա. 605–562 թթ.): Նաբուգոդոնոսոր II–ը վարում էր ակտիվ արտաքին քաղաքականություն: Նա ձգտում էր դուրս գալ Միջերկրական ծով` տիրելու Ասորեստանի նախկին՝ արևմտյան նահանգները: Այստեղ նրա գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որը ևս փորձում էր տիրել ասորեստանյան ժառանգությանը: Պայքարն ընթանում էր Սիրիայի, Փյունիկիայի և Պաղեստինի տարածքներում: Պատերազմն այստեղ ընթանում էր փոփոխակի հաջողությամբ: Միայն Ք.ա. 597 թ. բաբելոնյան զորքերը գրավեցին Հուդայի թագավորության մայրաքաղաք Երուսաղեմը: Նաբուգոդոնոսորը հրեաների նոր թագավոր նշանակեց և վերադարձավ` տանելով հարուստ ռազմավար և շուրջ 10000 գերիների: Պարսիկ զինվորներ Եգիպտոսը, սակայն, չէր հաշտվում Բաբելոնիայի հզորության հետ և նրա դեմ էր դրդում պաղեստինյան ու փյունիկյան իշխանություններին: Արդյունքում Բաբելոնիայի տիրապետությունն արևմուտքում ըստ էության վերացվեց: Դրան գումարվեց Հուդայի թագավորության նոր ապստամբությունը: Նաբուգոդոնոսորը ստիպված էր հերթական անգամ արշավել Պաղեստին: Նրա զորքերը կարողացան այստեղից դուրս մղել եգիպտացիներին, պաշարել Երուսաղեմը և Ք.ա. 587 թ. գրավել այն: Նաբուգոդոնոսորը հրամայեց կուրացնել հրեաների թագավորին, նրա որդիները մահապատժի ենթարկվեցին, ազնվականությունը բնաջնջվեց: Հուդայի թագավորությունը վերացվեց և որպես նահանգկցվեց Բաբելոնիային: Նաբուգոդոնոսորի հրամանով ավերվեցին քաղաքի պարիսպներն ու Երուսաղեմի տաճարը, իսկ բազմահազար բնակիչներ գերեվարվեցին Բաբելոնիա: Բաբելոնյան արքան նաև վերականգնեց իր իշխանությունը փյունիկյան ծովափում: Նաբուգոդոնոսոր II–ի օրոք Բաբելոնիան ապրում էր ծաղկուն օրեր: Երկրում իրականացվեցին խոշոր շինարարական աշխատանքներ: Դրանց գլուխգործոցը Բաբելոնի պարիսպներն էին և քաղաքի գլխավոր տաճարային համալիրը, ուր վեր էր հառնում զիկկուրատը (Բաբելոնյան աշտարակը): Նաբուգոդոնոսորը հիմնեց նաև նշանավոր Կախովի այգիները, որը հետագա ավանդությունը վերագրում էր Շամիրամին: Բաբելոնը վերածվեց Առաջավոր Ասիայի խոշորագույն քաղաքի` շուրջ 200000 բնակչությամբ: Բաբելոնիան հետագա արքաների օրոք Նաբուգոդոնոսորի մահից հետո Բաբելոնիայի խոշոր վաճառականական տները և քրմությունը սկսեցին միջամտել գահակալության խնդրին` ձգտելով իշխանության բերել իրենց դրածոներին: Ի վերջո գահն անցավ ծագումով արամեացի Նաբոնիդին (Ք.ա. 556–539 թթ.): Նաբոնիդը սկսեց բարեփոխել բաբելոնյան դիցարանը: Նա գերագույն Մարդուկ աստծո փոխարեն դիցարանում առաջ էր մղում Լուսնի աստված Սինին, միջամտում էր տաճարների գործերին, քրմապետ էր կարգում իր մերձավորներին: Ժամանակի ընթացքում նա դադարեց մասնակցել Մարդուկ աստծո հետ կապված կարևորագույն ծեսերին: Նաբոնիդի գործողությունները թշնամաբար ընդունվեցին հատկապես Մարդուկ աստծոքրմերի կողմից: Սակայն նրան աջակցում էր երկրի առևտրական վերնախավը, ինչը հավասարակշռում էր քրմության ընդդիմությանը: Ինքը` Նաբոնիդը, վարում էր հենց այս խավի շահերից բխող արտաքին քաղաքականություն: Ք.ա. 553–552 թթ. նա արշավանքներ ձեռնարկեց դեպի Լիբանան և Պաղեստին: Բաբելոնյան զորքերը Արաբական թերակղզում` Հիջազում, գրավեցին քարավանային ճանապարհների երկայնքով ընկած մի շարք օազիսներ: Դրանց թվում էին Տեյման և Յաթրիբը (վերջինս հետագայի Մեդինան է՝ իսլամի սրբազան քաղաքներից մեկը): Այստեղով էին անցնում առևտրական կարևոր մայրուղիները, որոնց վերահսկողությունը շահավետ էր Բաբելոնիայի համար: Նաբոնիդը հաստատվեց Տեյմայում` այստեղ անցկացնելով տասը տարի: Բաբելոնի կառավարումը նա հանձնարարեց որդուն: Մինչ արքան գտնվում էր Տեյմայում, լարվեցին Բաբելոնիայի հարաբերությունները պարսկական տերության հետ, որը գրավել էր հարակից երկրները և շրջափակման մեջ վերցրել Բաբելոնիան: Բաբելոնիայի շրջափակումը դժգոհություն առաջացրեց խոշոր վաճառականության մոտ: Մարդուկ աստծո քրմերը ևս միացան դժգոհներին` փորձելով իրավիճակն օգտագործել իրենց դիրքերը վերականգնելու համար: Նաբոնիդի դեմ կազմակերպվեց դավադրություն: Իսկ այդ ժամանակ` Ք.ա. 539 թ., Կյուրոսի բանակը ներխուժեց Բաբելոնիա: Բաբելոնյան զորքերը չկարողացան դիմագրավել պարսիկներին: Շուտով առանց մարտի գրավվեց նաև Բաբելոնը: Գերի ընկած Նաբոնիդը աքսորվեց: Կյուրոսը Բաբելոնիան միացրեց իր տերությանը: Սրանով ավարտվեց նոր Բաբելոնյան տերության անկախ գոյությունը: Պարսիկները պահպանեցին բաբելոնյան թագավորությունը: Տարիներ անց այն վերածվեց Աքեմենյան տերության սատրապության: Արեվելամիջերկրածովյան քաղաք–պետությունները Առաջին քաղաք–պետությունները Միջերկրական ծովի արևելյան ավազանը երկրագործության հնագույն օջախներից է: Վաղ երկրագործական առաջին բնակատեղիներից էր Երիքովը (Ք.ա. VIII հազ.): Նստակեցության և պետականության ձևավորմանը նպաստեց նաև առևտուրը: Այստեղով էին անցնում Միջագետքից և Փոքր Ասիայից Եգիպտոս տանող առևտրական ուղիները: Ոչ պակաս կարևոր էր նաև քաղաքային կենտրոնների մեծ մասի ծովափնյա դիրքը: Ծովը այստեղի երկրների կենսագործունեության մեջ միշտ առաջատար տեղ է զբաղեցրել: Արևելյան Միջերկրականի ժողովուրդների զարգացման մյուս կարևոր առանձնահատկությունը քաղաքական մասնատվածությունն էր, որ բացատրվում է մեծ թվով տարբեր ժողովուրդների առկայությամբ: Կարևոր էր նաև աշխարհագրական դիրքը ժամանակի հզոր պետությունների քաղաքական շահերի հանդիպավայրում: Երկրագործության զարգացման և առևտրական հարաբերությունների աճին զուգընթաց ձևավորվեցին խոշոր քաղաքային կենտրոններ, ինչպիսիք էին Էբլան, Բիբլոսը, Տյուրոսը, Սիդոնը, Ուգարիտը և այլն: Ալալախը գոյություն ուներ արդեն Ք.ա. IV հազարամյակում: Քաղաքը շարունակ ընդարձակվում էր, կառուցապատվում նոր տաճարներով և պալատներով: Երկիրը սերտ հարաբերություններ ուներ Եգիպտոսի և Միջագետքի հետ: Այս նույն ժամանակներում սկսվեց Էբլայի վերելքը: Արդեն Ք.ա. III հազարամյակի կեսերին այն խոշոր պետական կազմավորում էր: Առևտրական ճանապարհներին տիրելու և տարանցիկ առևտուրը վերահսկելու համար Էբլան պայքարում էր Աքքադի տերության դեմ: Էբլան ժամանակավոր անկում ապրեց Նարամսինի կողմից նվաճվելուց հետո, սակայն Ք.ա. II հազ. սկզբին քաղաքը նոր վերելք ապրեց: Վերակառուցվեց արքայական պալատը, քաղաքը շրջապատվեց 20 մետր բարձրությամբ հզոր պարիսպներով, սակայն նախկին բարձունքներին Էբլան այլևս չհասավ: Սիրիայի և Փյունիկիայի պետությունները Աքքադի տերության կործանումից հետո Ասորիքում գերիշխող դարձան ամորեական ցեղերը, որոնք այստեղ հիմնեցին բազմաթիվ իշխանություններ: Հյուսիսային Սիրիայում ձևավորված խոշորագույն պետությունը Յամհադն էր: Սկզբնապես այն կիսաքոչվոր ցեղերի միություն էր և չուներ մշտական քաղաքական կենտրոն: Հետագայում պետության մայրաքաղաք դարձավ Խալպան (ներկայիս Հալեպը): Յամհադը շուտով վերածվեց քաղաքական հզոր ուժի, որի վերահսկողության տակ հայտնվեցին Միջագետքը Փոքր Ասիային կապող առևտրական ճանապարհները: Ք.ա. XVIII դ. Յամհադի պետությանը սկսեց սպառնալ Ասորեստանում ամորեական հարստության հիմնադիր Շամշի–Ադդուն: Վերջինիս, սակայն, չհաջողվեց հասնել վերջնական հաղթանակի: Ավելի ուշ Յամհադը կրկին վերաճեց Ասորիքի հզորագույն պետության: Նա գրավեց Կարքեմիշը: Հյուսիսային Ասորիքի մյուս քաղաքական կազմավորումը Ուգարիտն էր: Քաղաքը ծաղկում էր շնորհիվ միջազգային լայնածավալ Նարամսինի հուշակոթողը: Այն քաղաքական և առևտրական լայն կապեր ուներ Միջագետքի, Փոքր Ասիայի և Եգիպտոսի հետ: Սակայն Ք.ա. XII դ. սկզբներին Ուգարիտը ենթարկվեց ՙծովի ժողովուրդների՚ հարձակումներին և ավերվեց: Վերջիններս Էգեյան ծովի ավազանի և հարակից շրջանների բնակիչներն էին: Կորցնելով իրտնտեսական հզորությունը՝ այնուհետև Ուգարիտը կործանվեց երկրաշարժի հետևանքով: ՙԾովի ժողովուրդների՚ արշավանքներից շատ չանցած՝ Միջերկրական ծովի արևելյան ափի փյունիկյան քաղաքներում կյանքը սկսեց վերստին աշխուժանալ: Այդ վերելքին նպաստեց Եգիպտոսի թուլացումը: Փյունիկյան քաղաքների վերելքի վկայությունն է Ք.ա. XII դ. սկսված փյունիկյան մեծ գաղութացումը: Փյունիկյան ծովագնացները ներթափանցեցին Միջերկրական ծովի արևմուտք և հիմնեցին գաղութներ: Այստեղի խոշորագույն գաղութներն էին Կարթագենը` Հյուսիսային Աֆրիկայում, Գադիրը` ներկայիս Իսպանիայում: Գաղութացման խնդրում հատկապես գործուն էր Տյուրոսը, որն իրեն ենթարկեց նաև Սիդոնն ու այլ ծովափնյա քաղաքներ: Ստեղծվեց ընդարձակ պետություն` Տյուրոս-սիդոնյան թագավորությունը: Միջերկրականի ծովափից հեռու` Ասորիքի խորքերում, հիմնական դերակատարությունը պատկանում էր արամեացիներին: Արամեացիների խոշորագույն պետությունը Դամասկոսն էր (կոչվում է նաև Արամ): Ք.ա. X–IX դդ. Դամասկոսը վերածվեց տարածաշրջանի ամենահզոր պետության` գլխավորելով 17 երկրներ ընդգրկող միություն: Միտաննի Ք.ա. III հազարամյակի սկզբներին Հայկական լեռնաշխարհից Հյուսիսային Սիրիա տեղաշարժվեցին խուռիական ցեղերը: Նրանք այստեղ հիմնեցին մանր պետություններ: Խուռիական ցեղերի ներհոսքը Սիրիա և Միջագետք շարունակվեց հետագա դարերում ևս: Ընդ որում՝ նրանց հետ միասին այս տարածքներ ներթափանցեցին հնդարիական ծագում ունեցող ռազմունակ ցեղեր: Վերջիններիս գլխավորությամբ խուռիները Ք.ա. XVI դ. հիմնեցին Միտաննի թագավորությունը: Միտաննիի մայրաքաղաքն էր Վաշուգանեն: Միտաննիի կազմավորումն ու վերելքը համընկան Եգիպտոսի XVIII հարստության հզոր փարավոնների արշավանքների հետ: Մի պահ անգամ վտանգված էր նորաստեղծ թագավորության գոյությունը: Սակայն Սաուսադատար արքային հաջողվեց վերամիավորել պետությունը, ընդարձակել երկրի սահմանները: Հենվելով մարտունակ բանակի վրա, որի հիմքը կազմում էին երկանիվ թեթև մարտակառքերի ջոկատները՝ նա իր տիրապետությունը հաստատեց Աշուրում: Արևմուտքում Միտաննիի ազդեցությունը տարածվեց ընդհուպ մինչև Ուգարիտ` Միջերկրական ծովի ափին: Միաժամանակ նա պայքար էր մղում Խեթական թագավորության դեմ: Այս պայքարում Միտաննին պարտվեց և առժամանակ զրկվեց իր գերիշխանության տակ գտնվող մի քանի երկրներից: Խեթերի հարձակման վտանգը ստիպեց հաջորդ արքա Արտադամա I–ին խաղաղություն հաստատել Եգիպտոսի հետ, որն ամրապնդվեց արքայատոհմական ամուսնությամբ: Եգիպտա–միտաննական բարեկամական հարաբերությունները շարունակվեցին հետագայում ևս: Թիգլաթպալասար III Միտաննիի քաղաքական ազդեցությունը Առաջավոր Ասիայում սասանվեց Ք.ա. XIV դ., որը կապված էր Խեթական տերության և Ասորեստանի հզորացման հետ: Եգիպտոսն այլևս ի վիճակի չէր աջակցելու Միտաննիին: Ստեղծված իրավիճակում Միտաննիում սկսվեց պայքար գահի համար: Օգտվելով առիթից՝ խեթական բանակը ներխուժեց Միտաննի: Միտաննական արքայատոհմի երկու ներկայացուցիչներ պայքար սկսեցին միմյանց դեմ, և թագավորությունը տրոհվեց երկու մասի: Դրա մեծ մասում հաստատվեց խեթական դրածոյի իշխանությունը, և Միտաննին վերածվեց խեթերից կախյալ թագավորության: Իր հերթին, Ասորեստանը ևս փորձում էր նվաճել Միտաննին: Ք.ա. XIII դարում Միտաննին բազմիցս ենթարկվեց Ասորեստանի արշավանքներին: Այն առժամանակ գոյատևում էր միայն խեթական օգնության շնորհիվ: Վերջապես՝ Սալմանասար I–ը վերջ տվեց Միտաննիի թագավորությանը: Երկրի լեռնային շրջաններում շարունակեցին գոյատևել առանձին խուռիական իշխանություններ: Արևելամիջերկրածովյան ավազանը Ք.ա. X–VI դարերում Ք.ա. XII դ. ներկայիս Պաղեստինի տարածքում ձևավորվեց 12 ցեղերից կազմված իսրայելական միությունը: Իսկ ավելի ուշ ստեղծվեց Իսրայելի միասնական պետությունը: Ըստ ավանդության՝ առաջին թագավորն էր Սավուղը: Երբ վերջինս պարտվեց փղշտացիների դեմ պայքարում և ինքնասպանություն գործեց, նրան հաջորդեց Դավիթը (Ք.ա. մոտավորապես 1000–965 թթ.): Նա ստեղծեց կենտրոնացված պետություն և ընդարձակեց երկրի սահմանները: Իսրայելի մայրաքաղաք դարձավ Երուսաղեմը: Նրա գահը ժառանգեց որդին` Սողոմոնը (Ք.ա. մոտ 965–928 թթ.): Սողոմոնը հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Նա Երուսաղեմում կառուցեց Յահվե աստծուն նվիրված տաճարը (Սողոմոնի տաճարը): Սողոմոնից հետո, արտաքին վտանգի պայմաններում, Իսրայելի թագավորությունը տրոհվեց, իսկ մայրաքաղաքը տեղափոխվեց Սամարիա: Իսրայելից առանձնացավ Հուդան` Երուսաղեմ կենտրոնով: Հյուսիսից սպառնում էր Դամասկոսի թագավորությունը, իսկ հարավից՝ Եգիպտոսը: Ք.ա. մոտ 925 թ. եգիպտացիները գրավեցին և թալանեցին Երուսաղեմը: Ք.ա. XI դ. Սիրիան ու փյունիկյան ծովեզերքը պատված էին տարբեր պետական կազմավորումների խիտ ցանցով: Երբեմն այս երկրները միավորվում էին դաշինքների մեջ` համատեղ նվաճումներ իրագործելու կամ հակառակորդին դիմագրավելու նպատակով: Նրանց գլխավոր հակառակորդը Ասորեստանն էր: Ասորեստանյան վտանգը սպառնալից չափեր ընդունեց հատկապես Թիգլաթպալասար III–ի օրոք: Սիրիայի և Փյունիկիայի իշխանությունները ճանաչեցին Ասորեստանի գերիշխանությունը: Ավելի ուշ ասորեստանցիները գրավեցին փյունիկյան ծովափը և Իսրայելի մայրաքաղաք Սամարիան: Ք.ա. VII դ. վերջերին, երբ Ասորեստանը սկսեց անկում ապրել, նվաճված երկրները մեկը մյուսի հետևից թոթափեցին ասորեստանյան գերիշխանությունը: Դրանից ամենաշատն օգտվեց Տյուրոսը, որը վերստանձնեց փյունիկյան ծովափի առաջատարի դերը: Վերելք ապրեց նաև Հուդայի թագավորությունը: Ասորեստանի կործանումից հետո Արևելյան Միջերկրականը վերածվեց կռվախնձորի Բաբելոնիայի և Եգիպտոսի միջև: Այդ պայքարում հաղթեց Բաբելոնիան: Ք.ա. 587 թ. Նաբուգոդոնոսոր II–ը գրավեց Երուսաղեմը, իսկ հետո Տյուրոսը ճանաչեց նրա գերիշխանությունը: Այս տարածքները հետագայում անցան Աքեմենյան տերությանը: Մի շարք քաղաքներ ստացան որոշ ինքնավարություն: Նրանք նույնիսկ հանդես էին գալիս որպես տերության դաշնակիցներ: Մասնավորապես հույն–պարսկական պատերազմներում պարսկական նավատորմի մեծ մասը փյունիկյան նավերից էր կազմված: Աքեմենյան տերության անկումից հետո՝ հելլենիստական դարաշրջանում, փյունիկյան քաղաքները շարունակեցին պահպանել իրենց տնտեսական ներուժը: Նրանք ակտիվորեն մասնակցում էին Առաջավոր Ասիայի և Արևելյան Միջերկրականի ավազանի երկրների միջև իրականացվող միջազգային առևտրին: Փոքրասիականքաղաքակրթական աշխարհը Հին խեթական թագավորությունը: Նորքարիդարյան հեղափոխության ավարտից հետո Փոքր Ասիայի տարբեր շրջաններում արդեն կային բազմաթիվ քաղաքակրթական կենտրոններ, որոնց բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր, արհեստները, առևտուրը: Վերջիններիս զարգացման համար նպաստավոր պայմաններ էին ապահովում օգտակար հանածոների, հատկապես մետաղների հարուստ պաշարները: Արդեն Ք.ա. III հազ. կեսերից փոքրասիական հասարակությունը թևակոխեց վաղ պետականության փուլ, առաջ եկան քաղաք–պետություններ: Ք.ա. II հազ. սկզբներին Փոքր Ասիան պատված էր նման պետական կազմավորումների խիտ ցանցով, որոնցից աչքի էին ընկնում Քանեսը, Կուսսարը, Խաթթուսասը և Պուրուսխանդան: Այս քաղաք–պետությունները միավորելու նպատակով Ք.ա. XVIII դարում Կուսսարի տիրակալ Անիտտան գրավեց Նեսան՝ այն դարձնելով իր նստավայրը: Այնուհետև նա գրավեց խաթական ցեղերի քաղաք Խաթթուսասը: Պուրուսխանդայի կառավարիչն ինքնակամ հպատակվեց Անիտտային` նրան զիջելով իր գլխավոր հարստությունը` երկնաքարային երկաթից պատրաստված գահն ու գայիսոնը: Հին խեթական թագավորության ժամանակաշրջանում պետության մեջ պահպանվել էին դեռևս տոհմատիրական կարգերից եկող բազում սովորույթներ: Կառավարման գործում մեծ էր ժողովրդական ժողովի` պանկուսի դերը: Անիտտայի ժառանգներին վիճակված չէր երկար իշխել, և շուտով նրանց փոխարինեց նոր հարստությունը, որը ծագում էր Կուսսարից: Այս արքայատան ներկայացուցիչներից Լաբարնա I–ը ավարտին հասցրեց պետության կազմավորումը, որի սահմաններն արդեն ձգվում էին Կիլիկիայից մինչև Հալիսի գետաբերան: Նա արշավանքներ ձեռնարկեց դեպի Արևմտյան Փոքր Ասիա` մինչև Էգեյան ծով ափ: Լաբարնայի անունը դարձավ պատվանուն բոլոր թագավորների համար, որոնք սկսեցին այդպես կոչվել: Լաբարնա I–ի զարմիկը` Խաթթուսիլիս I–ը, մայրաքաղաքը փոխադրեց Խաթթուսաս, որը այդուհետև դարձավ Խեթական պետության մշտական մայրաքաղաքը: Նա հաղթական պատերազմներ մղեց Հայկական լեռնաշխարհի և Սիրիայի մի շարք երկրների դեմ: Խեթական բարձրաքանդակներ Խաթթուսիլիսի վարած գործուն արտաքին քաղաքականությունը շարունակեց նրա հաջորդ Մուրսիլիս I–ը (Ք.ա. մոտ 1540–1530 թթ.): Վերջինս նվաճեց Յամհադի թագավորությունը, ջախջախեց Հյուսիսային Միջագետքի խուռիներին, հաղթական արշավանք կատարեց դեպի Բաբելոնիա (Ք.ա. 1531 թ.): Գրավելով Բաբելոն քաղաքը` նա վերջ տվեց ամորեական արքայատան իշխանությանը և հսկայական ռազմավար ձեռք բերեց, այդ թվում՝ Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկի արձանը: Սակայն խեթական տոհմային ազնվականությանը ձեռնտու չէր արքայական իշխանության ամրապնդումը, և շուտով Մուրսիլիսը դարձավ դավադրության զոհ: Երկրում սկսվեց մի քանի տասնամյակ տևող ներքին անկայունության շրջան: Խաթթիում տիրող իրավիճակից օգտվեցին խուռիները` հետ գրավելով Սիրիան: Մյուս կողմից՝ հյուսիսփոքրասիական կասկերի ցեղերը գրավեցին Սև ծովին հարող խեթական տիրույթները` նրանց մեկընդմիշտ կտրելով ծովից: Խեթերը կորցրին իրենց տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Կիլիկիան, ուր կազմավորվեց պետություն` Ադանիյա (այժմ՝ Ադանա) կենտրոնով: Երկրում խիստ թուլացավ արքայական իշխանությունը: Այդ իսկ պատճառով խեթական արքա Տելեպինուսը ընդունեց մի օրենք, ըստ որի՝ այսուհետ գահն անցնելու էր միայն արքայի որդիներին՝ ըստ ավագության: խեթական վերնախավը զրկվեց իր՝ նախկինում ունեցած ազդեցությունից: Սրանով ծանր հարված հասցվեց տոհմատիրական կարգերի մնացուկներին և ամրապնդվեցին միապետության հիմքերը: Խեթական տերությունը Ք.ա. մոտ 1450 թ. խեթական գահն անցավ ծագումով խուռի ազնվականական տոհմերից մեկի ներկայացուցիչ Թուդխալիաս II–ին: Նոր հարստության արքաներն անմիջապես վերսկսեցին արշավանքները դեպի Արևմտյան Փոքր Ասիա և Սիրիա` փորձելով հետ բերել կորցրածը: Արքան իր հեռավոր արշավանքի ընթացքում նվաճեց Էգեյան ծովափի 22 երկրներ, այդ թվում՝ Տարուիսա քաղաք–պետությունը, որը հոմերոսյան նշանավոր Տրոյան է: Թուդխալիասը պարտության մատնեց Միտաննիին: Այս արշավանքների արդյունքում խեթերը ստեղծեցին լայնածավալ տերություն, որի իսկական վերելքը սկսվեց XIV դ. կեսերից և կապված է Սուպիլուլիումաս I–ի գործունեության հետ: Սուպիլուլիումաս I–ը մի շարք արշավանքներով իր տիրապետությունը հաստատեց գրեթե ողջ Փոքր Ասիայի վրա` Էգեյան ծովից մինչև Եփրատ գետ: Նա վճռական պարտության մատնեց Միտաննիին՝ այն դարձնելով կախյալ թագավորություն: Այնուհետև Սիրիայի տարածքներում ստեղծեց Կարքեմիշի և Խալպայի թագավորությունները` դրանց գահին բազմեցնելով իր որդիներին: Եգիպտոսը նույնիսկ չփորձեց օգնել իր դաշնակից Միտաննիին: Ավելին՝ խեթական բանակը մուտք գործեց Եգիպտոսին պատկանող Հարավային Սիրիա: Այսպիսով՝ Սուպիլուլիումասը ստեղծեց մի տերություն, որը ձգվում էր Հայկական լեռնաշխ արհի արևմտյան հատվածներից մինչև Պաղեստին, Էգեյան ծովից և Կիպրոսից մինչև Բաբելոնիայի սահմաններ: Սուպիլուլիումասի գործը շարունակեց նրա որդիներից Մուրսիլիս II–ը (մոտ Ք.ա. 1318–1290 թթ.): Դրությունը փոխվեց նրա հաջորդների օրոք: Ռամզես II–ի օրոք վերստին հզորացած Եգիպտոսը ձգտում էր վերահաստատվել Փյունիկիայում և Սիրիայում: Չնայած Ք.ա. 1274 թ. Քադեշի ճակատամարտում խեթերը պարտության մատնեցին Ռամզեսին, սակայն վերջինս չէր հրաժարվում իր ծավալողական նկրտումներից: Փոքր Ասիայի արևմուտքում խեթերը ստիպված էին դիմագրավել Ախխիյավա երկրի (Միկենյան Հունաստան) և նրա դաշնակիցների՝ խեթական տիրույթների վրա հարձակումներին: Փոքր Ասիայի արևմուտքում ծավալված իրադարձությունների արձագանքները պահպանվել են Հոմերոսի ՙԻլիական՚ պոեմում: Լարված էին հարաբերությունները Ասորեստանի հետ: Այսպիսով՝ խեթական պետությունը ներքաշվեց պատերազմների մի շրջափուլի մեջ, որը թեև դանդաղ, բայց ուժասպառ էր անելու երկիրը: Խեթական տերությունը բաղկացած էր քաղաքակրթական ամենատարբեր մակարդակների վրա գտնվող երկրներից և ժողովուրդներից: Խեթերը չէին փորձում վերակազմավորել նվաճված երկրներում գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական կացութաձևը: Այդ երկրների վրա դրված պարտավորությունները վերաբերում էին հավատարմությանը, ռազմական ջոկատներ տրամադրելուն և հարկերին: Այդպիսի տերությունը կարող էր գոյատևել միայն ուժեղ ռազմական մեքենայի առկայության դեպքում: Միաժամանակ մի քանի հակառակորդների հարձակումների պայմաններում այն կարող էր փլուզվել: Խեթական տերության տրոհումը Իրավիճակն առավել բարդացավ երկրում տեղի ունեցող գահակալական պայքարի հետևանքով: Խեթական արքայատունը տրոհվեց երկու ճյուղի, որոնք զուգահեռաբար կառավարում էին երկիրը: Իշխանության եկած Խաթթուսիլիս III–ը (մոտ Ք.ա. 1265–1240 թթ.) Եգիպտոսի հետ կնքեց հաշտության պայմանագիր և իր ողջ ուժերն ուղղեց Ասորեստանի դեմ: Սակայն նրան այդպես էլ չհաջողվեց Ասորեստանին դուրս մղել Հյուսիսային Սիրիայից: Խաթթուսիլիսի հաջորդների օրոք Ասորեստանի, միկենյան հույների և մյուս հակառակորդների դեմ մղվող պայքարում, ինչպես նաև ներքին երկպառակչական պատերազմներում վերջնականապես սպառվեցին խեթերի ուժերը: Իրավիճակը բարդանում էր նաև Փոքր Ասիայում տևական երաշտի պատճառով: Նրանք կորցրին ողջ Արևմտյան Փոքր Ասիան, Կիպրոսը: Ք.ա. XII դ. սկզբին Խեթական տերությունը տրոհվեց: Պահպանվեցին միայն տերության առանձին շրջաններ՝ Թարխունտասան և Կարքեմիշը: Այդ պահից սկսվում է հին փոքրասիական քաղաքակրթության պատմության նոր փուլ, որ կոչվում է ուշ խեթական կամ լուվիական: Սակայն վերոհիշյալ արքայատոհմերը չկարողացան երկար պահպանել իրենց տարածքը: Դրանք նույնպես տրոհվեցին ավելի մանր պետական կազմավորումների: Սրանք սեպագրական աղբյուրներում հանդես են գալիս Խաթթի ընդհանրական անունով: Ք.ա. VIII դարի վերջերին՝ Ասորեստանի կողմից նվաճվելուց հետո, «Խաթթի» անվանումը դարձավ զուտ աշխարհագրական հասկացություն: Իրանականբարձրավանդակը ք.ա. III–I հազարամյակներում Էլամը Ք.ա. III–I հազարամյակներում Ք.ա. III հազ. Իրանական բարձրավանդակի արևմուտքում ձևավորվեցին առաջին քաղաք–պետությունները: Միավորվելով նրանք կազմեցին Էլամական համադաշնությունը: Էլամը առաջիններից էր, որ ենթարկվեց Սարգոն Աքքադացու արշավանքներին: Դրանց արդյունքում Էլամը գրավվեց, երկրում հաստատվեց աքքադական իշխանություն: Աքքադի գոյության շրջանում Էլամը նրա քաղաքական և մշակութային հզոր ազդեցության ներքո էր: Միջագետքում Ուրի III հարստության պետության ստեղծմամբ սերտ հարաբերություններ հաստատվեցին էլամական պետությունների հետ: Նրանց միջև նույնիսկ կնքվեցին դինաստիական ամուսնություններ: Իրավիճակը փոխվեց Ուրի III հարստության վերջին շրջանում: Հզորացած Էլամը սկսեց անցնել տարածքային նվաճումների: Հենց Էլամի դեմ պատերազմում անկում ապրեց Ուրի պետությունը: Էլամականաշխարհի վերելքը շարունակվեց նաև հետագայում: Էլամը սկսեց վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: Վերսկսվեցին ռազմական արշավանքները: Էլամի հեղինակությունն էին ընդունում ժամանակի խոշոր պետությունները, այդ թվում՝ Բաբելոնը: Արքա Ունտաշ–Նապիրիշան միավորեց էլամական տարածքների մեծ մասը, կառուցեց նոր նստավայր: Սերտ հարաբերություններ հաստատվեցին էլամական և կասիտական արքայատների միջև, կնքվեցին դինաստիական ամուսնություններ: Երկիրն իր հզորության բարձրակետին հասավ Շուտրուկ–Նախունտե I արքայի օրոք: Էլամական արշավանքների թիրախը կասիտական Բաբելոնիան էր: Ք.ա. 1158 թ. նա ներխուժեց Բաբելոնիա և գահընկեց արեց բաբելոնյան արքային: Նրա արձանագրությունները հայտնում են բաբելոնյան ավելի քան 700 քաղաքների նվաճման և երկրից տարված հսկայական ռազմավարի մասին: Դեպի Բաբելոն նոր արշավանքի ժամանակ գերի տարվեց կասիտական վերջին արքան: Գերեվարվեց բազմահազար բնակչություն, ավարառության ենթարկվեցին սրբազան քաղաքները: Գերի տարվեցին աստվածների արձանները, այդ թվում՝ Բաբելոնի հովանավոր Մարդուկ աստծո արձանը, ինչպես նաև Համմուրապիի հուշակոթողը, որի վրա արձանագրված էր նրա օրենսգիրքը: Սակայն Էլամի վերելքը ժամանակավոր էր: Հարավային Միջագետքի Իսսին քաղաքի արքա Նաբուգոդոնոսոր I–ը գլխովին ջախջախեց էլամցիներին, վերադարձրեց Բաբելոնիայի գերեվարված աստվածներին: Էլամական պետության կտրուկ անկումը պայմանավորված էր նաև իրանախոս ցեղերի ներխուժումներով դեպի երկիր: Այնուամենայնիվ, Ք.ա. VIII դ. Էլամը մի վերջին անգամ վերելք ապրեց: Էլամցիներին հաջողվեց ընդարձակել երկրի սահմանները, նաև օժանդակել քաղդեական ցեղերին`ընդդեմ Ասորեստանի նրանց պայքարում: Հաջորդ արքաները նույնպես վարում էին հակաասորեստանյան քաղաքականություն` շարունակ միջամտելով բաբելոնյան գործերին: Սակայն այս միջամտությունները հիմնականում ձախողվում էին: Ասորեստանի քաղաքականությունը` մասնատել Էլամը մի քանի թագավորությունների և կառավարել երկիրը դրածո արքաների միջոցով, ցանկալի արդյունքներ չտվեց: Միայն Ք.ա. 646 թ. Ասորեստանը հասավ հաջողության: Գրավվեց մայրաքաղաք Սուսան, քանդվեց գլխավոր զիկկուրատ–տաճարը, գերեվարվեց քրմությունը և մեծաքանակ բնակչություն: Դրանից հետո Էլամական համադաշնությունը դադարեց գոյություն ունենալուց: Աքեմենյան տերությունը Այդ արշավանքից հետո երկրի լեռնային շրջաններում իրենց գոյությունը պահպանեցին էլամական թագավորության բեկորները: Իսկ Ք.ա. VI դ. կեսերին էլամական վերջին պետական կազմավորումները նվաճվեցին Կյուրոս II–ի կողմից: Պարսիկները Աքեմենյան տերության կազմավորումից առաջ Մոտ Ք.ա. 1000 թ. Հարավային Իրան մուտք գործեցին հին պարսկական ցեղերը՝ այստեղ հիմնելով իրենց ցեղապետությունները: Դրանցից առավել հզորը Անշան և Պարսումաշ երկրներն էին: Սկզբնապես սրանք Էլամի գերիշխանության տակ էին: Էլամի անկումից հետո նրանք ճանաչեցին Ասորեստանի գերիշխանությունը: Ասորեստանի անկումից հետո պարսկական ցեղամիություններն ընկան մարական տիրապետության տակ: Անշանում գահ բարձրացած Կյուրոս II Մեծը (պարսկ.՝ Կուրաշ, Ք.ա. 558–529 թթ.) պայքար սկսեց մարական գերիշխանությունից ազատագրվելու համար: Երեք տարի տևած պատերազմներում նա պարտության մատնեց մարերին և գրավեց Մարաստանի մայրաքաղաք Էքբատանը: Ազատվելով մարական գերիշխանությունից` Կյուրոսը անցավ նոր նվաճումների: Նա գրավեց գրեթե ողջ Փոքր Ասիան, հետո՝ նաև Բաբելոնիան: Կյուրոսը ստեղծեց Էգեյան ծովից մինչև Հնդկաստան ձգվող աշխարհակալ տերություն: Նա պատրաստվում էր նվաճել նաև Եգիպտոսը, սակայն Ք.ա. 529 թ. մասագետների ցեղի դեմ ճակատամարտում պարսկական զորքերը կրեցին ծանր պարտություն, իսկ Կյուրոսը սպանվեց: Կյուրոսին փոխարինած Կամբիզը շարունակեց հոր նվաճողական քաղաքականությունը` Ք.ա. 525 թ. գրավելով Մեմֆիսը և Ստորին Եգիպտոսը: Եգիպտոսը վերածվեց պարսկական սատրապության, թեև թագավորական իշխանությունն այստեղ ձևականորեն պահպանվեց. Կամբիզն իրեն հռչակեց նաև Եգիպտոսի փարավոն: Ք.ա. 522 թ. Կամբիզի դեմ ապստամբեց նրա կրստեր եղբայր Բարդիան: Կամբիզը շտապեց հայրենիք, սակայն ճանապարհին մահացավ: Աքեմենյան առաջին արքաները Կամբիզի մահից հետո կարճ ժամանակ անց Բարդիան դավադրաբար սպանվեց: Գահն անցավ դավադրության ակտիվ մասնակից, պարսկական ազնվականական խոշոր տներից մեկի ներկայացուցիչ Դարեհին (Ք.ա. 522–486 թթ.): Ձգտելով օրինական տեսք հաղորդել իր իշխանությանը՝ Դարեհը հայտարարեց իր նախնիների և Կյուրոսի` իբր թե միևնույն տոհմին պատկանելու մասին: Սակայն նրա իշխանությունը պարսիկներից զատ ոչ ոք չճանաչեց: Ենթակա երկրները սկսեցին ապստամբել: Դարեհը ստիպված էր ծանր պատերազմների գնով ճնշել ապստամբությունները: Դարեհ I–ի գահակալությամբ սկսվեց Աքեմենյան տոհմի իշխանության դարաշրջանը: Ամրապնդելով իր իշխանությունը` Դարեհը ձեռնամուխ եղավ բարեփոխումների: Տերությունը բաժանվեց 20 սատրապությունների, որոնցում կառավարում էին արքայատոհմի անդամները կամ նրա մերձավորները: Երկրում ներդրվեց հարկային և դրամական միասնական համակարգ: Կառուցվեց ՙԱրքայական ճանապարհը՚,որը Էգեյան ծովափի քաղաքները կապում էր մայրաքաղաք Շոշի հետ: Վերակազմավորվեց նաև բանակը, որի հիմքը այսպես կոչված ՙԱնմահների գունդն՚ էր` բաղկացած 10000 մարտիկներից: Դարեհը ձգտում էր համաշխարհային տիրապետության: Չբավարարվելով տերութան սահմաններով` նա արշավանք ձեռնարկեց դեպի Հնդկաստան և գրավեց նրա մի մասը: Աքեմենյան զորքերը սկսեցին գրավել Էգեյան ծովի կղզիները, ապա մտան եվրոպական մայրցամաք, ուր նվաճեցին Թրակիան: Պարսիկներին հպատակվեց նաև Մակեդոնիան: Դարեհը, սակայն, անհաջողության մատնվեց սկյութների դեմ ձեռնարկած իր արշավանքում: Անհաջող էին նաև նրա երկու արշավանքները դեպի մայրցամաքային Հունաստան: Աքեմենյան արքան սկսեց նախապատրաստվել նոր արշավանքի, սակայն Ք.ա. 486 թ. մահացավ: Դարեհին հաջորդեց նրա որդիներից Քսերքսես I–ը (Ք.ա. 486–465 թթ.): Վերջինս համաշխարհային տիրապետության հասնելու իր ծրագրերով հետ չէր մնում Դարեհից: Արշավելով դեպի մայրցամաքային Հունաստան` Քսերքսեսը կարողացավ հասնել մինչև Աթենք, սակայն դրանից հետո նախ ջախջախվեց պարսկական նավատորմը, ապա և ցամաքային բանակը: Քսերքսեսը հրաժարվեց Հունաստանը նվաճելու ծրագրերից: Քսերքսեսին հաջորդած Արտաքսերքսես I–ը ստիպված էր ընդհատել հույն–պարսկական պատերազմները և կնքել ոչ նպաստավոր հաշտություն, որով աքեմենյան արքան փաստացի կորցնում էր իր գերիշխանությունը Արևմտյան Փոքր Ասիայի նկատմամբ և զրկվում Էգեյան ծովում նավատորմ պահելու իրավունքից: Աքեմենյան տերության թուլացումը և անկումը Արդեն Արտաքսերքսեսից հետո պարզորոշ նկատվում էր, որ տերությունը լուրջ խնդիրներ ուներ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Ք.ա. 404 թ. աքեմենյան նոր արքայի` Արտաքսերքսես II–ի դեմ ապստամբեց նրա եղբայր, Փոքր Ասիայի սատրապ Կյուրոս Կրտսերը: Թեև ապստամբությունը ճնշվեց, սակայն տերությունը շարունակում էր ցնցվել առանձին սատրապների և ենթակա երկրների ապստամբություններից: Այս շրջանում աքեմենյաններից անջատվեցին Եգիպտոսը, Կիպրոսը, Խորեզմը և Սոգդիանան: Տերության արևմուտքում բռնկված ՙսատրապների մեծ ապստամբության՚ ժամանակ Փոքր Ասիան գրեթե տասը տարի անկախ էր աքեմենյան արքայից: Փլուզվող տերությունը փրկելու մի վերջին ջանք գործադրեց Արտաքսերքսես III–ը: Թեև նրան առժամանակ հաջողվեց վերականգնել փլուզվող տերությունը, սակայն հնարավոր չեղավ երկիրը զերծ պահել նոր ցնցումներից: Ինքը` արքան, զոհ գնաց պալատական դավադրությանը: Ք.ա. 336 թ. գահին բազմեց աքեմենյանների կողմնային ճյուղերից մեկի ներկայացուցիչ, Հայաստանի սատրապ Արշամը՝ ընդունելով տոհմական Դարեհ անունը: Դարեհ III–ը (Ք.ա. 336–330 թթ.) իր կառավարման սկզբում ստիպված էր մեկ անգամ ևս արշավել Եգիպտոս և ճնշել այստեղ բարձրացած ապստամբությունը: Թեև Եգիպտոսը վերանվաճվեց, սակայն Դարեհին վիճակված չէր շարունակել Արտաքսերքսեսի գործը: Աքեմենյան տերությանը սպառնում էր վերելք ապրող Մակեդոնիան: Աքեմենյան արքան ի վիճակի չեղավ լուրջ դիմադրություն կազմակերպելու Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի դեմ: Վերջապես Ք.ա. 331 թ. Միջագետքի Գավգամելա բնակավայրի մոտ նա ջախջախիչ պարտություն կրեց և փախուստի դիմեց: Շուտով նա սպանվեց իր մերձավորներից մեկի` Բակտրիայի սատրապ Բեսի կողմից: Դրանից հետո երեք տարում Ալեքսանդրը նվաճեց տերության մնացած տարածքները: Աքեմենյան տերությունը կործանվեց: Հնդկաստանի եվ Չինաստանի վաղ պետությունները Խառապպայի քաղաքակրթությունը Հնդկաստանը աչքի է ընկնում բերրի հողով և ջրի առատությամբ (այստեղով են հոսում ջրառատ Ինդոս, Գանգես, Բրահմապուտրա և այլ գետեր): Որոշ շրջաններում հնարավոր է տարվա ընթացքում մի քանի անգամ բերք հավաքել: Հնդկաստանի հնագույն բնակիչները դրավիդյան ժողովուրդներն էին: Ք.ա. II հազարամյակում այստեղ մուտք գործեցին հնդարիական ցեղերը: Վերջիններիս տիրապետության հետևանքով տեղի ժողովուրդները յուրացրին նրանց լեզուն: Հնդկաստանը քաղաքակրթության հնագույն կենտրոններից է: Ք.ա. XXXIII դարից սկսած՝ Հյուսիսարևմտյան Հնդկաստանում` Ինդոս գետի հովտում, նկատվում է արտադրողական ուժերի բուռն աճ, յուրացվում է բրոնզի ձուլման տեխնիկան: Ընդարձակվում է գյուղատիպ բնակավայրերի տարածքը, և շուտով ի հայտ են գալիս առաջին քաղաքները: Դրանցից մեկի անունով այս դարաշրջանը ստացավ Խառապպայի մշակույթ անվանումը: Այդ մշակույթը իր բարձրակետին հասավ Ք.ա. մոտ 2600–1900 թթ.: Երկրագործության, արհեստների և առևտրի բուռն զարգացումը Խառապպայի դարաշրջանի հասարակության կյանքում առաջ բերեց փոփոխություններ: Կանոնավոր հատակագծով քաղաքների գոյությունը, դրանցում խոշոր շտեմարանների առկայությունը վկայում են հասարակության կենտրոնացվածության մասին: Սակայն, ի տարբերություն հին առաջավորասիական պետությունների, տեղի չունեցավ հասարակության այնպիսի խոր շերտավորում, ինչպես Շումերում էր կամ Եգիպտոսում: Այստեղ այդպես էլ չձևավորվեց արքայական հզոր իշխանություն: Խառապպայի դարաշրջանի բնորոշ կողմերից մեկը քաղաքային մշակույթի աննախադեպ բարձր մակարդակն էր: Խոշոր և փոքր քաղաքների թիվը հասնում էր մի քանի հարյուրի: Միայն Խառապպան ուներ քսան հազարից ավելի բնակչություն: Խառապպայի քաղաքակրթության կարևորագույն ձեռքբերումներից մեկը մի քանի հարյուր պատկերանշանից կազմված Ինդոսյան գիրն է (ստեղծվել է մոտ Ք.ա. 3000 թ.): Մոտ Ք.ա. 1800 թ. սկսած՝ Խառապպայի մշակույթը սկսեց անկում ապրել: Բնակիչները սկսում են լքել խոշոր քաղաքների մեծ մասը: Պատճառը կլիմայական փոփոխություններն էին, երբ տաք ու խոնավ եղանակային պայմաններին փոխարինեց չորային և համեմատաբար ցուրտ կլիման: Խառապպայի մշակույթի ավանդույթները միառժամանակ շարունակվեցին` հարատևելով մինչև Ք.ա. II հազ. վերջը: Հնդկաստանը արիական ցեղերի տիրապետության շրջանում Սկսած մոտ Ք.ա. 1700 թ.՝ Հնդկաստան ներթափանցեցին արիական ցեղերը և տիրեցին Հյուսիսային Հնդկաստանին: Արիացիները հիմնականում անասնապահ ժողովուրդներ էին և միայն հետագայում յուրացրին երկրագործությունն ու քաղաքային կենցաղը: Արդեն Ք.ա. XV–XIII դդ. ձևավորվեցին մի շարք պետություններ, որոնք ղեկավարվում էին արիացիների կողմից: Արքաները կոչվում էին ռաջա, նրանց իշխանությունը ժառանգական էր: Արիական պետություններում, պայմանավորված մեծաքանակ նվաճված ժողովուրդների նկատմամբ գերիշխանությունը պահպանելու ցանկությամբ, ձևավորվեց խոր անջրպետ արիացիների և նվաճվածների միջև: Բնակչությունը ստորաբաժանվեց դասերի (վարնաներ): Դրանք էին արտոնյալ խավը ներկայացնող բրահմանները (քրմեր), քշատրիները (ռազմիկներ), վայշիները (երկրագործներ, արհեստավորներ և առևտրականներ) և անազատների խավը ներկայացնող շուդրաները (ծառաներ, համայնքի իրավազուրկ անդամներ), ինչպես նաև ստրուկները (դասա կամ դասյու): Պատկանելությունը այս կամ այն վարնային ժառանգական էր, և խառը ամուսնությունը արգելված էր: Այս համակարգի հիման վրա միջնադարում և նոր ժամանակներում ձևավորվեց Հնդկաստանի հասարակության դասային (կաստայական) կառուցվածքը: Ք.ա. 517 թ. Հյուսիսային Հնդկաստանը նվաճվեց Աքեմենյան արքա Դարեհ I–ի կողմից: Այն մնաց նրա կազմում ընդհուպ մինչև Իսկ Հնդկաստանի արևելքում շարունակում էր գոյատևել Մագադհա պետությունը: Հենց այստեղ էլ մակեդոնական տիրապետության ավարտից հետո վերելք ապրեց Մաուրյան հարստության Հնդկաստանը: Չինաստանում վաղ երկրագործական հասարակության ձևավորումը տեղի ունեցավ նորքարիդարյան հեղափոխության շրջանում: Արդեն Ք.ա. VIII–VI հազարամյակներում Յանցզի գետի ավազանում գոյություն ունեին մի շարք մշտական բնակավայրեր: Իսկ Ք.ա. IV–III հազարամյակներում սկսվում են այդ կենտրոնների խոշորացումը և վաղ պետականությունների ձևավորումը: Ամենուրեք կառուցվում են պալատական շինություններ: Հայտնագործվում է չինական հիերոգլիֆային գիրը: Ք.ա. XVI դ. Հուանհե գետի միջին հոսանքի շրջանում ստեղծվեց առաջին խոշոր պետությունը՝ Ին հարստության գլխավորությամբ: Արքայական իշխանությունը աստվածապետական էր: Արքան միաժամանակ գերագույն հոգևոր առաջնորդն էր: Ին հարստության դարաշրջանը քաղաքային մշակույթի ծաղկման փուլ էր: Հիմնվեցին բազմաթիվ պարսպապատ քաղաքներ՝ կանոնավոր հատակագծով: Լայն կիրառում ստացավ գիրը: Ծաղկում ապրեց տնտեսությունը, մասնավորապես մետաղագործությունը: Յուրացվել էր բրոնզի ձուլման տեխնիկան: Հատկապես տարածված էին բրոնզե անոթները: Որոշ անոթներ կշռում էին մի քանի հարյուր կիլոգրամ: Բրոնզը օգտագործվում էր նաև զենքի արտադրության մեջ: Ք.ա. XI դ. Ին հարստությանը սկսեցին սպառնալ չժոու ցեղերը, որոնք մինչ այդ գտնվում էին նրա տիրապետության տակ: Չժոուների առաջնորդ Ու Վանը գրավեց նրանց տարածքները և հիմնեց Չժոու հարստությունը (Ք.ա. 1046–249 թթ.): Չժոուի դարաշրջանը բաժանվում է երկու փուլի` Արևմտյան Չժոուի և Արևելյան Չժոուի տիրապետության շրջան: Չժոու ցեղերը արագորեն յուրացրին տեղի մշակույթը: Նոր հարստության օրոք բուռն զարգացում ապրեց տնտեսությունը: Երկրում անցկացվեց ջրանցքների միասնական համակարգ: Բրոնզին զուգահեռ լայն տարածում է ստանում երկաթը: Ծաղկում են արհեստները, գիտությունը, հատկապես փիլիսոփայական միտքը: Պատահական չէ, որ Չինաստանի պատմության այս շրջանը կոչվում է նաև Մտքի հարյուր դպրոցների դարաշրջան: Արևմտյան Չժոուն հզոր պետություն էր և վարում էր ակտիվ նվաճողական քաղաքականություն: Նրա արքաներն իրենց արշավանքների ժամանակ երբեմն հասնում էին մինչև Կենտրոնական Ասիա: Արքայական իշխանությունը սկզբնական շրջանում ամուր էր: Արքան (չինարեն՝ վան) ուներ գերագույն ռազմական և հոգևոր իշխանություն: Նա համարվում էր ՙԵրկնքի որդին՚, որի հեղինակությունը չէր վիճարկվում: Չժոուի պետությունը սկսեց անկում ապրել Ք.ա. IX–VIII դդ.: Ք.ա. 771 թ. սկսվեց գահակալական պայքար, ինչի արդյունքում գահ բարձրացավ Պին վանը: Դժվարանալով դիմագրավել քոչվոր ցեղերի ճնշմանը՝ նա պետության մայրաքաղաքը տեղափոխեց արևելք` Լոյան, որով էլ սկսվում է Արևելյան Չժոուի դարաշրջանը: Արևելյան Չժոուի գոյության առաջին տասնամյակներում Հուանհեի ավազանում գոյություն ունեին վաների գերիշխանությունը թոթափած բազմաթիվ մանր պետություններ (շուրջ 150): Գերիշխանության համար ընթացած պայքարի արդյունքում Ք.ա. 722 թ. ձևավորվեցին մոտ 10 խոշոր պետություններ: Չժոուի արքաների գերիշխանությունը սրանց մեծ մասի նկատմամբ ձևական էր: Ռազմական առումով և տնտեսապես մի շարք թագավորություններ նույնիսկ գերազանցում էին Չժոուին: Այս իրավիճակը շարունակվեց նաև հետագայում: Մշտական պայքարի հետևանքով սկսում են հզորանալ Ցի, Ցզին, Չժաո թագավորությունները: Թագավորությունների միջև պատերազմները, որին գումարվում էին բախումները հյուսիսի և արևմուտքի քոչվորների դեմ, թույլ չէին տալիս դրանցից որևէ մեկի հզորացումը: Քիչ չէին այն դեպքերը, երբ միմյանց դեմ պատերազմներում նրանք օգնության էին հրավիրում քոչվորներին: Դրա արդյունքում Ք.ա. 249 թ. Արևելյան Չժոուն անկում ապրեց:

Aucun commentaire:
Enregistrer un commentaire