Ընթերցում ենք Սահյան․

«Սեզամ, բացվիր»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝  հյուր։
Ինչ արած, մարդ եմ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Եվ ի՞նչ է տվել 
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը…
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը…
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Ջրի պես
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:
Երեխայի պես
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
Նորից կարմիր ու կանաչ
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:
Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:
Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Պտուղդ քաղող չկա
Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։
Այս իմ հրաշք աշխարհն է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Ինձ՝ վախենալու խիզախությունը
Ինձ՝ վախենալու խիզախությունը,
Ինձ՝ տառապանքի ուրախությունը,
Ինձ՝ այս կածանի մտերմությունը,
Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։
Ինձ՝ այս քարափի ընկերությունը,
Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը…
Մնացածը՝ ձեզ,
Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։
Այս ձորերում
Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի
Ծուխ ու բոցի հոտ է գալիս,
Արմատի հոտ, բողբոջի հոտ
Ու խեժի հոտ տոհմածառի,
Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս։
Գարուն էր
Գարուն էր… սիրտս գնաց,
Բարձունքից-բարձունք ընկավ,
Ոտքիս տակ, ամեն քայլիս,
Մանկության մասունք ընկավ…
Վեր թռա ինչ-որ կանչից,
Տառապած բարձիս վրա
Աչքիցըս իրեն-իրեն
Մի կաթիլ արցունք ընկավ։
Ամպրոպն անցավ
Ամպրոպն անցավ… Հող ու երկինք
Թարմությունից խենթանում են,
Բայց խենթացած հեղեղներս
Կամաց-կամաց խեղճանում են…
Նստեմ հիմա «ավաղ» կանչեմ
Եվ ախ կանչեմ հազար բերան,
Որ երազի, հոգսի, սիրո
Պաշարներս վերջանում են,
Վերջանում են…
Համո Սահյան, «Սեզամ, բացվիր», 1972թ.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire