Affichage des articles dont le libellé est Համո Սահյան. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Համո Սահյան. Afficher tous les articles

Ինձ բացակա չդնեք

Ձեր լռությունը զնգում
 Զրնգում է ձորով մեկ,
 Ձեր լռության համերգում
 Ինձ բացակա չդնեք...

 Համբերություն եմ ասում,
 Ակնարկներս կրկնեք,
 Համբերության հանդեսում
 Ինձ բացակա չդնեք...

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
 Քնով չանցնեք, չքնեք,
 Քնեցիք էլ, արթնացաք,
 Ինձ բացակա չդնեք...

 Թվում է թե կամենաք
 Մի օր երկինք կթռնեք,
 Ձեր թռիչքի ժամանակ
 Ինձ բացակա չդնեք...

 Ձեր պնդության պատճառով
 Դուք աշխարհներ կսնեք,
 Իմ մեղմության պատճառով
 Ինձ բացակա չդնեք...

Ես եմ քարե պատարագ
 Ձեզնից սերված ընդունեք,
 Դուք ձեր կամքին հակառակ
 Ինձ բացակա չդնեք...

 Ոչ խոստումներ, ոչ երդում
 Չսպասեք ու չքննեք,
 Անվերջ, անշարժ ձեր երթում
 Ինձ բացակա չդնեք...

Կենսագրություն

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:


Համո Սահյան «Ինչ անեմ»

Ինչ անեմ: Աչքերս փակեմ 
Անրջեմ… ու բանամ նորից:
Հուշերս հավաքեմ մեկ-մեկ
Ու մտքով մանկանամ նորից:
Կորստի սարսափը հերքեմ,
Հույսերից շիկանամ նորից…
Հավատամ մարդուն, աշխարհին,
Մոլորված չմնամ նորից:
Չգիտեմ` ուր եմ հասնելու,
Չգիտեմ` երբ եմ հասնելու…
Ճամփա է, նստեմ այս քարին,
Շունչ քաշեմ ու գնամ նորից:
Հոգնել եմ
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ արդեն ինքս ինձ խոցելուց,
Համբերությունս շահագործելուց,
Սին կյանքս խոսքով ոսկեզօծելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել:

Ընթերցում ենք Սահյան․

«Սեզամ, բացվիր»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝  հյուր։
Ինչ արած, մարդ եմ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Եվ ի՞նչ է տվել 
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը…
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը…
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…

Հուշեր

Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ...
- Հրանտ Մաթևոսյան


Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները...
- Ռազմիկ Դավոյան
Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...
- Լևոն Հախվերդյան


Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...
- Կայսին Կուլիև


Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում...
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում։
- Էդուարդաս Մեժելայտիս


Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն..․
- Վահագն Դավթյան