Ցանկապատի երկու կողմերը

Առաջին դասարանից սեբաստացի եմ և այդ պատճառով է, որ բանգլադեշյան ամեն մի ծակուծուկը գիտեմ: Դպրոցից դպրոց տեղաշարժվելու համար  ընկերներով միշտ փորձում էինք շենքերի միջով գնալ, որպեսզի ճանապարհներով չքայլեինք, բայց դրանից էլ տուժում էր մեր դասաժամերը, քանի որ ուշ էինք հասնում: Տասը տարի ականատես եմ եղել և իմ ջանքերն եմ ներդրել դպրոցի ցանկապատների իջեցմանը, տարածքների կանաչապատման  ու ներկայիս միջավայրի ձևավորման մեջ և դրա արդյունքում էլ ունենք իսկը հանգստանալու ու ստեղծագործելու տարածքներ (նույնիսկ, երբ երեկոյան դուրս եմ գալիս պտտվելու դպրոցի տարածքով սիրում եմ քայլել, քանի որ ինձ ազատ և ոգեշնչված եմ զգում): Փոքր ժամանակ չէի սիրում գնալ Մեդիակենտրոն կամ Գեղարվեստ,քանի որ ճանապարհը չէի սիրում: Բայց վերջերս շատ ուրախ եմ, որ աշխատանքներ են կատարվում և դեպի Հյուսիսային դպրոց կամ Գեղարվեստի կենտրոն տանող ճանապարհը կարճացնելու: 

Այսօր մեր էկոլոգիայի դասաժամին սարալանջով քայլում էինք ու սիրուն, կանաչապատվ ճանապարհից հետո հասանք ցանկապատված ու անխնամ մի տարածքի: Այդ տարածքով, երբ անցանք միանգամից դուրս եկանք Հյուսիսային դպրոցի կանաչապատ լանջեր: Հասնելով՝տեսանք, որ երեք մարդ արդեն փոսեր են փորել մեր կանաչապատված տարածքներում ցանկապատներ տեղադրելու համար: Մոտեցանք այդ մարդկանց: Ցավով կանգնել էի փոսերի կողքին և մտորում էի: Մտքումս ինքս ինձ ուտում էի: Իրոք չէի հասկանում այն մարդկանց, ովքեր ցանկապատված տարածքներում իրենց ազատ են զգում, կամ էլ, եթե ցանկապատ չկա` պանաջում են: Ինչու՞ են մարդիկ խուսափում բաց, ազատ ու համերաշխ տարածքներից: Ինչու՞ չեն ուզում իրենք նույնպես ազատ տեղաշարժվելու իրավունք ունենան: Մի՞ թե նրանց հաճելի է երկկողմանի ճանապարհով քայլել: Երևի հաճելի է, որ ցանկապատ են պահանջում: Ես անձամբ չեմ ուզում, որ Բանգլադեշում լինի որևէ ցանկապատ: Ինչու՞ենք սահմանափակում ամեն ինչ: Ինչու՞ ենք ուզում փակվել ցանկապատով, ո՞ւմից ենք վախենում: Ինչպես մարդիկ չեն ուզում իրենց մտքի կաղապարներից դուրս գալ, այնպես էլ չեն ուզում այդ ցանկապատված ու գորշ տարածքներից դուրս գալ: Ես, եթե սեբաստացի էլ չլինեի, միևնույն է կցանկանայի, որ այդ տարածքը բաց լինի, մաքուր ու խնամված, անվտանգ ու ապահով:
Մի փոքր էլ ցավում եմ այն երեխաների համար, ովքեր հաճախում են ցանկապատասեր մանկապարտեզ, որովհետև երեխային պետք չէ փակել չորս պատերի մեջ, այլ հակառակը՝ պետք է ինչքան կարող ես ազատ թողնել: Դրա հետևանքով երեխան կճանաչի իր աշխարհը, կլինի ինքնուրույն և իհարկե ավելի գեղեցիկ աչքերով կմոտենա ամեն ինչին: 
Վստահ եմ՝ մի օր կքայլեմ  նույն տարածքով ու կհիշեմ այսօրվա դեպքը, մանկապարտեզի անխնամ վիճակը.կոտրած ապակիներ, արևից խունացած պատուհաններ ու մի վարդագույն վարագույր, իսկ ասֆալտապատ բակում ոչ մի երեխա, միայն քարեր ու փոսեր, իսկ հետո երախտապարտ կլինենեմ, որ կենդանի ցանկապատները հաղթեցին ու անցնում ենք սիրուն ու անվտանգ ճանապարհով:





















Aucun commentaire:

Enregistrer un commentaire